Եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը։
«Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը»,-նշել է նա:
Մարտակերտի շրջանն, ինչպես հայտնի է, շատ է տուժել ղարաբաղյան պատերազմի օրերին'շրջանը գրավվել և ավերվել էր ադրբեջանական զորքերի կողմից'տեղի բնակչությունը դարձել փախստական: Այս ծրագրի կյանքի կոչումը թույլ կտա օգտագործել Արցախի բերրի հողերը'գյուղատնտեսության զարգացման ու գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար: Բացի այդ, դա թույլ կտա խթանել Մարտակերտի վերաբնակեցման ծրագիրն, ինչն իր հերթին կբերի մարզի պաշտպանական ներուժի ամրապնդմանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներդրողների հետ պայմանավորվել են նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը:
Այսպիսով, նոր ՀԷԿ-րի կառուցումն իր հերթին թույլ կտա էլեկտրաէներգիա արտահանել ու վաճառել'դա լրացուցիչ ֆինանսական հոսքեր կբերի ու կմահալրի Արցախի պետական բյուջեն: Վերոնշյալ ծրագիրը լոկոմոտիվի դեր կկատարի ու իր հետևից դոմինոյի էֆեկտով կբերի նոր տնտեսական ծրագրեր, որոնք այդքան անհրաժեշտ են պատերազմող Արցախին:
Արցախը գյուղատնտեսական և էներգետիկ առումներով կարող է դառնալ ինքնաբավ, ինչը շատ կարևոր է ամեն պահ հակառակորդի հարձակման սպասող պետության համար:
Հարությունյանը հավելել է, որ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր: