Հեղափոխությունների պատճառը միշտ չի, որ անարդարությունն է լինում, կամ կոռուպցիան, դրանց պատճառներն ավելի խորն են, օրինակ անաշխատունակ կամ ցածր վարձատրվող երիտասարդների քանակի աճը, կամ անգամ կլիմայական փոփոխությունները: Օրինակ, Սիրիայի դեպքերի պատճառը շատ բարձր բնական աճն էր, երբ մի քանի տասնամյակի ընթացքում բնակչությունը 6 միլիոնից հասավ 20-ի ու սկսվեց երկարատև երաշտը, որի պատճառով առանց աշխատանքի մնացին միլիոնավոր երիտասարդներ, որոնք գյուղերից լցվեցին քաղաքներ: Նույնը Ֆրանսիական հեղափոխության մասին է կարելի ասել, երբ բնակչության կտրուկ աճ արձանագրվեց ու տնտեսական խորը ճգնաժամ: Հեղափոխական իդեալներն ունենում են մոտիվացիոն նշանակություն, այլ ոչ թե պատճառ են հանդիսանում:
Պատերազմներում Նապոլեոնը երեք սերունդ ֆրանսիացի տղամարդ ոչնչացրեց, որից հետո Ֆրանսիան խաղաղվեց:
Օրինակներ շատ է կարելի բերել:
Խաչակրաց արշավանքների պատճառներից հիմնականը Եվրոպայի բնակչության աճն էր, որի ավելցուկը տանում էին արշավանքների, նրանցից ազատվելու համար:
Նման մի բան էլ կատակով ասել էր Տիգրան Սարգսյանը, որ. - արտագաղթը կագնեցնենք, որ հեղափոխություն լինի:
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, Եվրոպա մուտքի խստացումը նույնպես իր ազդեցությունն է ունեցել հեղափոխության վրա: Հիմա արտագաղթում են հաջողակները, իսկ մյուսները հիմնականում մնում են: Արտագաղթը ռեսուրսներ է պահանջում ու մասնագիտություն: Նաև շրջաններից են երիտասարդները գալիս Երևան, դա նույպես սոցիալական լարվածություն է ստեղծում:
Հիմա խնդիրը հետևյալն է, արդյոք հեղափոխության շարժիչի` երիտասարդների սպասելիքները կկարողանա արդարացնել կառավարությունը, հատկապես երբ խորհրդարանում մնա առանց իրական ընդդիմության` ողջ պատասխանատվությամբ հանդերձ, իսկ ապագայում ձևավորվող ընդդիմությանը հանձնելով փողոցը: Այդ ընդդիմությունը ոչ ՀՀԿ-ն է լինելու, ոչ ԲՀԿ-ն ու ոչ էլ ՀՅԴ-ն, դա սպիտակ-հեղափոխական ընդդիմություն է լինելու, որը շատ խոսել չի սիրելու:
Բոլոր դեպքերում մոտակա տարիներին քաղաքական ու տնտեսական ստաբիլություն չի լինելու:
Ստեփան Դանիելյան