Բոլորս ենք քաջատեղյակ «շենգենյան վիզա» հասկացության մասին, որով առանց որևիցե սահմանային արգելքների միաժամանակյա մուտքի թույլտվություն է արտոնվում դեպի եվրոպական երկրներ: Սակայն թերևս ոչ բոլորը գիտեն, որ Շենգենը դա հենց այն բնակավայրի անվանումն է, որտեղ 1985-ին ստորագրվել է հայտնի Շենգենյան համաձայնագիրը, որին ներկա դրությամբ միացել են արդեն Եվրոպայի 26 երկրներ՝ մոտ 400 միլիոն ընդհանուր բնակչությամբ:
Շենգեն փոքր գյուղաքաղաքը գտնվում է Լյուքսեմբուրգի հարավ-արևելքում՝ Մոզել գետի ձախ ափին, ուր հատվում են Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանները։ Բնակավայրի տեսարժան վայրերից է 13-րդ դարի Շենգենի ամրոցը, իսկ տնտեսության հիմնական ճյուղը խաղողագործությունն ու գինեգործությունն են, ինչպես նաև բենզինի' Գերմանիայում գործող գներից էժան վաճառքը գերմանացի ավտոտերերին։
Լուսանկարում՝ Շենգենում գտնվող 18-րդ դարի պատմական կառույցն է, մեծահարուստ ազնվական Կոխի տունը, որտեղ ներկայումս գործում է եվրոպական ինտեգրման մասին պատմող մշտական ցուցադրություն, իսկ այդ կառույցին կից, Շենգենյան համաձայնության հրապարակում, տեղադրված է համաձայնությանը նվիրված մի հուշակոթող։ Նշենք, որ Շենգենյան առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1985-ի հուլիսի 14-ին՝ այն ժամանակ Շենգենի նավամատույցում, Մոզել գետի վրա կանգնած «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավում: