Հարգելի´ պարոն Օսիպյան,
Սույն թվականի օգոստոսի 21-ից անծանոթ հեռախոսահամարներից ստանում եմ զանգեր։ Քիչ առաջ տեղեկացա, որ զանգերի պատճառը «Հաղթանակի» զբոսայգու տարածքում պատերին եւ ծառերին փակցված հայտարարությունն է, որը նամակին կից ներկայացնում եմ Ձեզ:
Պարոն Օսիպյան, փաստացի կատարվել է հանցագործություն, խնդրում եմ իրավապահ մարմիններին բացահայտել եւ օրենքով պատասխանատվության ենթարկել այս անօրինականության բարբարոս հեղինակներին:
Նաեւ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ինձ անծանոթ ՖԲ-յան օգտատեր Գեւորգ Սուջյանի գրառման վրա` կատարած իմ անձի վերաբերյալ, որը զուգադիպում է զրպարտիչ հայտարարությունների տարածման օրվա հետ:
Չեմ ցանկանում հավատալ, որ իմ դեմ իրականացված այս անարդարությունն ու օրինազանցությունը քաղաքական ենթատեքստ են պարունակում եւ իմ քաղաքական հայացքների համար նման ճղճիմ կերպով փորձ է արվում ճնշել ու սահմանափակել իմ խոսքի ազատությունը, սակայն ավելի շատ չեմ էլ բացառում...
Տարածված հայտարարությունն ու նման գրառումներն ուղղակիորեն արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը` ինձ բերելով հոգեկան եւ բարոյական ճնշվածություն:
Տեղեկացնում եմ, որ, այս նամակից բացի, նաեւ հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:
Ինքս չեմ ցանկանում քրեաիրավական որակ տալ իրականացված հանցագործությանը` թողնելով դա պատկան մարմիններին եւ վստահելով արդարադատությանը:
Հարգանքով` Անի Կարապետյան