Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի տապալմանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով՝ սխալ էր։ Կարծում եմ՝ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, որ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներից՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ։

Սա եզակի հնարավորություն էր լրագրողների համար՝ հնչեցնելու տասնամյակների ընթացքում կուտակված և անպատասխան մնացած հարցերը և ստանալու պատասխաններ։

 

Ես, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ինչպես նաև շատ այլ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, զրկվեցի տեղեկացված լինելու իրավունքից, և գուցե երբեք այլևս այսպիսի հնարավորություն չի ընձեռվի, քանի որ Քոչարյանն այսուհետ կարտահայտի իր դիրքորոշումն ու կարծիքը իր համար առավել նախընտրելի և հարմար ձևաչափով, ինչի համար նրան այլևս ոչ ոք չի կարող մեղադրել։

Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային և մրցակցային, ինչն այս գործելաոճով չի երաշխավորվում»,- նշել է նա: