Երկարաժամկետ հեռանկարով ու տեսլականով ապրող և անվտանգ զարգանալ ձգտող ցանկացած պետություն ջանում է իր համար ապահովել ռազմավարական խորություն։
Մենք՝ որպես պետականաստեղծ ազգ, այդ խորության ապահովումը, որպես կանոն, պատկերացնում ենք զուտ տարածքային առումով կամ այլ խոսքերով՝ Հայաստանի սահմանները հնարավորին ընդլայնելու միջոցով, ինչն ընդունելի և ընկալելի է, սակայն ոչ միշտ իրականանալի։ Մինչդեռ ռազմավարական խորության ապահովման այլ մեխանիզմներ էլ կան, որոնք ենթադրում են ոչ թե կամ ոչ միայն տարածքի, այլ նաև ազդեցության հնարավորին ընդլայնում։
Այս իմաստով Հայաստանն, ըստ իս, ունի ազդեցության տարածման և դրա արդյունքում նաև սեփական ռազմավարական խորության ապահովման երկու հնարավորություն․ առաջինը՝ Մերձավոր Արևելքի բազմամիլիոն քրիստոնյա հանրույթների, իսկ երկրորդը՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի կրկին բազմամիլիոն պետականազուրկ ժողովուրդների կամ դրանց մի մասի հովանավորի և աջակցի կարգավիճակ ձեռք բերելն է, որը կարելի է նաև գաղափարապես հիմնավորվել և հստակ քայլեր ենթադրող հայեցակարգով ու գործողությունների ծրագրով սահմանել որպես Հայաստանի կողմից առաջնորդվող «Առաջավորասիական դաշինք»։