* Ամեն անգամ, երբ հնչում է Արցախի զարգացման համար վերջինիս ճանաչման պարտադիրության մասին թեզը, «չճանաչված» Քաշաթաղի հարավում լուռ ժպտում են Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջոցներով (!) կառուցված մի ճանապարհահատված և մի կամուրջ։

* Իրանցիները կառուցել են դրանք, քանզի Արաքսի վրա իրենց ջրամբարի մեծացման հետևանքով ապրելու ու երթևեկելու համար անպիտան էին դառնալու Որդուակ, Վարդանանց գյուղերը՝ մինչև Մամեդբեյլիի դամբարան, և Կովսականը Սոլթանլուով Մեխակավան-Ջաբրայիլին կապող մայրուղին։ Իրանը ճանաչո՛ւմ էր, որ այդ տարածքները տեր-տիրական ունեն, ուստի պետք են բանակցություններ և փոխադարձ համաձայնություն։ Թեհրան-Երևան բանակցությունների ընթացքում ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ, շրջանցիկ ճանապարհը և կամուրջը կառուցվեցին շատ սեղմ ժամկետներում։ «Պարսիկի մոստով» քանիցս Խնձորեսկից դեպի Հադրութի շրջանի հարավ է գնացել նաև Ձեր խոնարհ ծառան։

* Ճանաչում էլ կա, ճանաչում էլ։ Միշտ ավելի ամուր ու նախընտրելի է այն ճանաչումը, որ տրվում է քո ուժային արժանիքների համար, այն լեցուն բովանդակության համար, որ դու պարփակում ես քո ուժով, ոչ թե սոսկ ձևով։ Մենք՝ վայ-մտավորականներս ու հասարակական մտքի կրողներս ենք մեղավոր, որ լայն զանգվածներն այսչափ գերֆորմալիզացված պատկերացում ունեն ճանաչում ասվածի մասին՝ լինի դա քաղաքական կոնտեքստում, թե կենցաղային-հասարակական։

* Միշտ հիշե՛ք, որ ճանաչումը հետևանք է, ոչ թե պատճառ։ Եղի՛ր ուժեղ, և քեզ կճանաչեն։ Միշտ հիշե՛ք, որ ամուսնության վկայականը հետևանք է, ոչ թե պատճառ. դա չէ, որ ամուր է պահելու ընտանիքը, այլ այն, ինչը հանգեցրել է դրա ստորագրմանը։