Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սերնդափոխություն, բայց ոչ` տկարամտություն...

 

Արդեն քանի օր է՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նոր կառավարությունում տեղ գտած երիտասարդ ներկայացուցիչներն իրենց քայլերով վարկաբեկում կառավարության կադրային ապարատը` ստիպելով հանգել այն եզրակացության, որ շատ տեղերում ոչ ճիշտ նշանակումներ են արվել:

Ես միշտ կողմնակից եմ եղել եւ ողջունել եմ երիտասարդների ակտիվությունը թե' հասարակական-քաղաքական գործընթացներում, եւ թե' օրենսդիր ու գործադիր մարմիններում նրանց ներգրավածությունը:

Միշտ բարձր եմ գնահատել քաղաքապես սոցիալականացված երիտասարդի տեսակը եւ նրա կարևորությունն ու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական իրականության մեջ:

Բացմիցս պնդել եմ, որ հեղափոխությունը պետք է լինի սերնդափոխության միջոցով, որն էլ պետք է վերջակետ դնի մեր երկրում տարիներ շարունակ արամատացած կործանարար սովորույթներին, ինչպես նաեւ առաջացած գոյաբանական մթնոլորտին` սեփական իշխանությունների դեմ ժողովրդի ունեցած անվստահությանը:

Նոր կառավարությունն իր թիմում ընդգրկեց երիտասարների, ինչը գովելի էր, սակայն, ափսոս, որ այդ նույն երիտասարդները չկարողացան արդարացնել իրենց, չկարողացան հասկանալ իրենց դերակատարման կարևորությունը նոր կառավարության գործունեության մեջ, իրենք իրենց չկարողացան գնահատել եւ դրսեւորել արդեն իսկ, որպես պատասխանատու եւ կառուցողական պետական եւ քաղաքական երիտասարդ գործիչներ, այլ ընդհակառակը, խայտառակեցին` ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է իրենց հարցում:

 

Փողոցում բղավել, հայհոյել,ճանապարհ փակել, դեռ չի նշանակում քաղաքապես հասուն լինել եւ համոզմունքի ու բարոյականության պատասխանատվություն ունենալ:

Տղաներ, ինչո՞ւ եք նեղանում, երբ հասարակությունը քննադատում է ձեզ՝ ձեր իսկ սանձարձակ վարքագծի համար:

Դուք, ինքներդ գիտակցորեն պետք է հասկանայիք, որ այլևս փողոցում գոռացող ակտիվիստ չեք` ժարգոնաբանական բառապաշարով, այլ պետական այրեր եք եւ նոր կառավարության դեմքն եք ներկայացնում:

Պաշտոնը կայացած եւ գիտակից մարդու համար առավել շատ պատասխանատվություն է, քան լիազորություն, իսկ դուք պաշտոնը դարձրեցիք լկտի վարքաբանության անցաթուղթ: Դուք ձեր չհիմնավորված ամբիցիոզ քայլերով վարկաբեկում եք նախ ձեր քաղաքական թիմի առաջնորդին, որն այժմ մեր երկրի վարչապետն է, հետեւաբար, եթե դուք, որպես քաղաքական ուժի անդամ, այնքան գիտակցություն չունեք, որ հասկանաք, թե ձեր քայլերը ինչպիսի բացասական հետեւանքներ կարող են թողնել ողջ քաղաքական թիմի վարկանիշի վրա, ուրեմն դժվար, թե կարողանաք հասկանալ՝ ինչպիսի անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ ձեզ նման չինքնահաստատված անպատասխանատուների ներկայությունը կառավարությունում:

Սա պետություն է, սա փողոց չէ, իսկ դուք պետական համակարգի աշխատակիցներ եք, այլ ոչ փողոցային խուլիգաններ եւ ձեր առջեւ ժողովուրդ է, այլ ոչ թե ընդդիմություն, ուստի հարգալից խոսեք ժողովրդի մասին ու նրա հետ, գիտակից եղեք, որ քաղաքական էլիտայի մաս եք կազմում` դրան հարիր կերպով ձեզ պահեք:

Պարոնա՛յք, հասկացեք՝ երիտասարդության քաղաքական սոցիալականացումը ենթադրում է երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդի սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության եւ պետության առավել լիարժեք օգտագործել, այլ ոչ թե քաղաքական պաշտոն ստանձնելով՝ աջ ու ձախ հասարակությանը նեղացնել:

Ազգային արժեքներով դաստիարակված, հայրենասիրական գաղափարներով տոգորված, պետականամետ մտածողությամբ, ազգային համընդհանուր շահ հետապնդող, հայամետ դատողությամբ, առողջ երիտասարդությունը միայն կարող է դառնալ մեր պետության զարգացման շարժիչ ուժը եւ մեր երկրում միակ իրապես իրավիճակ փոխողը»: