Ադրբեջանական Հանրապետության Գանձակ քաղաքում տեղի ունեցած վերջին դեպքերը, երբ, ըստ էության, գործ ունենք տեղային մակարդակում շիայական ընդվզման գործողությունների հետ, ցուցիչ են մի կարևոր հանգամանքի, որի վրա, ըստ իս, պատշաճ ուշադրություն չի դարձվում։
Եթե մինչ այս կարծիք կար, որ Ադրբեջանում ընդդիմադիր շիայականության հիմնական «ամրությունները» գտնվում են այժմ մեծամասամաբ թյուրքախոս դարձած կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնյան ավաններում և երկրի ծայր հարավ-արևելքի թալիշաբնակ շրջաններում, ապա այժմ ակնհայտ է, որ իրանական ծագման և Իրանի կողմից հովանավորվող քաղաքական իսլամը բավական հաջող թափանցել է նաև երկրի հյուսիս-արևմուտք, իսկ այն դավանող տեղական խմբերն ունակ են ճգնաժամային իրավիճակ ստեղծող բողոքի գործողություններ կազմակերպելու նույնիսկ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում։
Եթե Ադրբեջանի անկախացումից հետո Թուրքիան սեփական ազդեցությունը տարածելու նպատակով աշխատել է հիմնականում ադրբեջանական քաղաքական, ռազմական և ազգայնական վերնախավերի հետ, ապա Իրանը գրեթե «աննկատ» գործել է բնակչության հասարակ խավերի հետ աշխատելու միջոցով, ինչի արդյունքում Ադրբեջանում ստեղծվել է հակասություններով լի մի այնպիսի իրավիճակ, երբ վերնախավերն ունեն թուրքամետ կամ հակաիրանական, իսկ զանգվածների մի շոշափելի հավատացյալ հատվածն՝ իրանամետ դիրքորոշումներ։