Արտակ Հերիքյանը գրում է.
Սիրելի’ հեռուստադիտողներ, շնորհակալություն քաջալերող ջերմ խոսքերի համար: Շատ հարազատ հեռուստաընկերությունից անսպասելի հեռանալը, իրոք, հեշտ չէր:
Հիմա արդեն կարեւոր չէ` ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարեւոր է թվում:
Առցանց լրատվամիջոցների իմ մի քանի գործընկերներ աշխատանքից ազատվելս փորձեցին կապել վարչապետի հայտնի գրառման հետ:
Երկուշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը «որոշ հեռուստաընկերությունների» հորդորեց «չիրականացնել հակապետական քարոզություն»։
Երեքշաբթի Հանրային հեռուստաընկերությունը որոշեց դադարեցնել ինձ հետ աշխատանքային պայմանագիրը:
Այսպիսի «կասկածելի» ժամանակագրությունը մի քանի լրատվամիջոցի առիթ տվեց հապճեպ եզրակացնել` ... ուրեմն, Հանրայինն էր «հակապետականը»։ Նույնիսկ չզլացան «Օրակարգի» վերջին թողարկումներում «իրեղեն ապացույցներ» պեղել:
Կարծում եմ գործընկերներս հետո համոզվեցին, որ թյուրիմացություն էր այդպես մտածելը, բայց լրատվական վազքի մեջ ժամանակ չգտան դա բացատրել իրենց լսարանին:
Սիրելի’ հեռուստադիտողներ, համոզված եմ, որ հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար- պրոդյուսերի պաշտոնում իմ գործունեության հետ: