Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ անարդարություն, անխոհեմ անհավասարակշռություն

Ես ինձ կարող եմ թույլ տալ այս մասին գրելու, որովհետև առնվազն տարիքիս բերումով պաշտպանված եմ բարձրացված խնդրի անձնական հավակնության կասկածանքից, միաժամանակ տարիքս ու փորձս ստիպում են բարձրաձայնել:

Կառավարության հարգելի անդամներ, հարգելի վարչապետ, արդեն ահագին բան եք արել, որոնց ընկալումները հանրության կողմից միանշանակ չեն: Բայց սրանց առայժմ չեմ/չեն անդրադառնում կամ՝ դեռևս վերապահումով եմ/են անդրադառնում, միշտ մտքում ունենալով՝ ՛՛պետք է ժամանակ տալ՛՛, ՛՛ժամանակը ցույց կտա՛՛: Մի բան, սակայն, ոչ միայն ՛՛ժամանակ չի ուզում՛՛, այլև արդեն անցել են բոլոր ՛՛ժամանակային սահմանները՛՛: Ամեն օր հրաժարականներ են և նոր նշանակումներ: Մեր հասարակության ուղիղ կեսը, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, լավ է դա, թե վատ՝ կանայք են: Բարեբախտաբար սա բնությունն ու կենսաբանությունն են կարգավորում, և նույնիսկ բնական/կենսաբանական շատ բաներ փչացնելու ընդունակ սոցիումը անընդհատ լուծումներ է գտնում այս հավասարակշռությունը պահպանելու: Նրանց մեջ շատ կան երիտասարդ, կրթված, համարձակ, պատրաստակամներ: Իմ և շատ փորձագետների գնահատմամբ ավելի շատ, քան մյուս՝ տղամարդ կեսում:

Մեր հասարակությունն առայժմ շատ տղամարդակենտրոն և տղամարդկային արժեքների հասարակություն է, բայց մեր հեղափոխությունն իրականացավ երկու սեռերի 50/50 մասնակցությամբ: Եվ չնայած հասարակության տղամարդականենտրությանը՝ կարծեք թե առանձնապես դժգոհություններ չեղան երիտասարդ կանանց մեծաքանակ և շատ որակյալ մասնակցությունից: Նրանք ոչ մի փուլում, ոչ մի իրավիճակում ՛՛գլուխ չպահեցին՛՛, հավասարապես բախվեցին ոստիկանության հետ, հավասարապես ՛՛բարրիկադներ՛՛ սարքեցին, և անկասկած տղաներից ոչ պակաս, եթե ոչ ավել ճկուն ու կրեատիվ մտահղացումներ ներդրեցին ՛՛անարյուն հեղափոխության՛՛ գործնական ընթացքին: Անշուշտ նրանցից ոմանք խնդիրներ ունեցան իրենց ընտանիքներում ծնողների հետ, բայց հենց իրենք էլ լուռ ու մունջ, առանց բարձրաձայնելու հաղթահարեցին այդ խնդիրները, և անհրաժեշտության դեպքում գիշերներ անց կացրին նաև փողոցներում:

Դուք, նաև մենք հեղափոխությունն անվանում ենք ՛՛արժեքների հեղափոխություն՛՛: Երկրի ղեկավարումը կանանց կողմից այդ արժեքների մեջ չի՞ տեղավորվում, չե՞ք կարծում, որ կառավարման համակարգում արական սեռի այս կուտակումը ա/ խիստ անհավասարակշիռ է դարձնում կառավարման ընդգրկումը: բ/ անարդար է, ես նույնիսկ կասեի՝ հասարակության համար անարժանապատիվ, գ/ կարող է կասկածնել առաջացնել տղամարդկանց կամ սեփական գերարժևորման, կամ բարդույթավորվածության մասին, և երկուսն էլ խիստ վնասակար են հասարակության համար, դ/ նվազեցնում կառավարման արդյունավետությունը:


Եթե ձեզ վախեցնում է այն հանրահայտ փաստը, որ կանայք ձեր նման չեն մտածում, ապա դա միայն վկայում է, որ դուք վախենում եք ՛՛տղամարդու նման չմտածողներից՛՛: Սա բարդույթավորվածության կերպերից մեկն է: Մինչդեռ հասարակության առնվազն կեսը կարիք ունի նաև կնոջ մտածողության, չնայած իմ կարծիքով ողջ հասարակությունը թե տղամարդու, թե կնոջ մտածողության կարիքն ունի հավասարապես: Կարծում եմ մեր նախկին իշխանությունները շատ բան կորցրին նաև մտածողության տղամարդակենտրոնացումից: Պայմաններն էլ այնպիսին էին, որ ՛՛իշխանության կանանց՛՛ մեծ մասը ՛՛ընտրվել էր՛՛ ՛՛տղամարդակերպ մտածելու՛՛ կամ այդ իմիտացիային հմուտ տիրապետելու պատճառով: Ցավոք, նաև այդ պատճառով կառավարման համակարգում այդպես էլ կանայք չունեցանք, եղածները փորձեցին ՛՛տղամարդ լինել՛՛: Մինչդեռ նրանք պետք է ՛՛կին մնային՛՛: Թե իրենք կորցրին, թե հասարակությունը կորցրեց, թե կառավարումը տուժեց:


Ամեն օր հետևում եմ նոր նշանակումներին և ամեն օր վրդովվում այս օրինաչափության համար: Մի արեք այդ բանը, ժամանակն արդեն շատ եք կորցրել, ներկայիս կառավարման մարմիններում արդեն մեծ դեֆորմացիա կա: Դուք ամեն օր կորցնում եք հավասարակշիռ իշխանություն ձևավորելու ձեր շանսը: Ձեր նշանակած նախարարների, մարզպետների անձային և մասնագիտական որակներին բազմիցս գերազանցող շատ երիտասարդ կանայք կան, որոնց աշխատանքն անհամեմատ արդյունավետ կլիներ/կլինի երկրի համար:


Ինչու՞ եք այդքան վախենում կանանցից: Կոտրեք ձեր վախերը, մտեք իրական արժեքային փոփոխությունների տիրույթ:»