Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շա՞տ, քի՞չ, թե՞ համարժեք է նախարարի համար 500.000 դրամ կամ 1000 դոլար աշխատավարձը, որից 1/3-ը պահումներ են: Քիչ է, իհարկե: Ես կասեի՝ շատ քիչ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե հիմքում ինչն է դրված՝ աշխատանքի ծավալի գնահատո՞ւմը, աշխատանքի արդյունավետությո՞ւնը, հակակոռուպցիոն նպատա՞կը, սոցիալական դիրքի պահպանությո՞ւնը, սոցիալական կապե՞րը, սոցիալական արդարությո՞ւնը, օրվա քաղաքական իշխանությանը հնազանդության մակարդակի խրախուսո՞ւմը, մասնավոր տնտեսական գործունեությանն առնչակցության հնարավորություննե՞րը, նաև, անշուշտ՝ երկրի և հասարակության համար ծրագրեր ունենալու և դրանք իրականացնելու հնարավորությունը: Բայց աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի: Դրան ավելանում են թանկարժեք գործուղումները, վճարվող ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունքը, որը սովորաբար նախարար/պատգամավորներին ավելի մեծ փաթեթով և ավելի բարձր գնով է հասնում, սպասարկող ավտոմեքենան, սոցիալական կապերից բխող հնարավորությունները՝ իր և ընտանիքի անդամների հանգստյան, բուժման, կրթության, ցանկալի աշխատանքի հնարավորությունները, ապագայի բարձր թոշակի հեռանկարը, և այլն: Բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, սրանք բոլորը «վճարելու» ձևեր են:
Ո՞վ, որտե՞ղ և ինչպե՞ս է չափել նախարարի աշխատանքի իրական ծավալն ու արդյունավետությունը: Ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս է հաշվել նախարարի աշխատանքի ընթացքից եկող բոլոր եկամուտները: Կարո՞ղ է արդյոք նախարարը նեղվել, որ, օրինակ, «Գազպրոմի» որոշ աշխատակիցներ իրենից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում՝ իրենից անհամեմատ ավելի քիչ արդյունավետությամբ աշխատելով: Խնդիրը, կարծում եմ, պետք է տեղափոխել այլ հարթություն: Նախարարների, ԱԺ պատգամավորների և առհասարակ ՀՀ բարձրաստիճանովորների աշխատավարձերը պիտի համամասնելի լինեն ՀՀ բնակչության եկամուտների մակարդակների հետ՝ ինչքան լավ աշխատեն բարձրաստիճանավորները, այնքան բարձր կլինեն ՀՀ քաղաքացիների եկամուտները, այնքան իրավունք կստանան բարձարացնելու նաև բարձրաստիճանավորների աշխատավարձերը: Ճիշտ և ճիշտ այն, ինչ իրենք պահանջում են պետական սեկտորի մյուս՝ «անպաշտոն» պաշտոնավարողներից:
Փորձը վաղուց է ցույց տվել՝ առանց արդյունք ցույց տալու բարձրաստիճանավորների աշխատավարձերի բարձրացումը հասարակության և երկրի ընդհանուր եկամուտների վրա դրական չի ազդում»: