2016 թվականի հուլիսին, երբ տխրահռչակ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, առաջին քայլը վարչական անիմաստ հաստիքների ուռճեցումն էր` ծանոթ-բարեկամներին աշխատանքի նշանակելով: Բուհը մինչև 2016 թվականը ունեցել է մեկ իրավախորհրդատու, իսկ երբեմն էլ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ՝ 1 դրույքի համար վճարելով 125 000 (հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ աշխատավարձ: 2016 թվականի հուլիսից համալսարանն ուներ 2 դրույք ծանրաբեռնվածությամբ իրավախորհրդատու՝ վճարելով համապատասխանաբար 200 000 և 180 000 դրամ աշխատավարձ: Ընդ որում, իրավախորհրդատուներից մեկը Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝բաժնի վարիչ, որին վճարվում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձ՝ միջանցքներում վերահսկողություն սահմանելու և բոլորին հետևելու համար: Նկատենք, որ այս աշխատավարձի չափը գրեթե համարժեք է համալսարանում վճարվող գիտությունների դոկտորի աշխատավարձին: Երևի համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէ որտեղ է քրոջ տղայի աշխատանքային սենյակը, քանի որ օրվա ցանկացած ժամի միջանցքում է իր խուզարկու հայացքով: Համալսարանը տարեկան կտրվածքով իրավախորհրդատուներին վճարում է 4 560 000 (չորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որ կարողանան իրականացնել համալսարանի հետ կապված բոլոր գործառույթները: Ավելին, ռեկտորը պայմանագիր էր կնքել նաև «AM Law Firm» իրավաբանական ընկերության հետ՝ վճարելով տարեկան 1 միլիոն դրամից ավել գումար` իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար:
Սակայն նույնիսկ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո զավեշտները շարունակվում են...Մայիսի 29-ին Հովհաննես Խորիկյանի նախնական դատավարությունը հետաձգվեց, քանի որ համալսարանն այս պահին Երևանից նոր փաստաբան է վարձել:Նկատենք՝ չնայած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին, որ երկու հեռացված աշխատակիցներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, հնարավորինս արագ վերականգնեն իրենց նախկին աշխատանքում, պարզվեց՝ նոր ղեկավարությունը նորից շարունակում է հնի քաղաքականությունը: Նշենք, որ Երևանից փաստաբան վերցնելու համար համալսարանն իր բյուջեից, յուրաքանչյուր մեկ դեպքի համար, վճարելու է 800 000 (ութ հարյուր հազարից)-ից 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: Այս պահին երկու գործ քննվելու է դատարանում (Հովհաննես Խորիկյան, Գագիկ Համբարյան), հետևաբար բուհն իր բյուջեից մոտ 2 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ նորից պետք է ավելորդ ծախսի` չհաշված աշխատակիցներին տրամադրվող տուժանքները և բարոյական վնասի համար պահանջված գումարները:Երևանից փաստաբան վարձելու նպատակներից մեկը նաև գործընթացը երկարաձգելու նպատակ ունի...Նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել,որ այս դատավարությունները տարիներով երկարաձգելու են...
Ռեկտորի նորանշանակ ԺՊ-ն, ՇՊՀ-ում իր կարգավիճակի համար պարտական լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար և ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, բացահայտ անտեսում է ԿԳ նախարարի ՇՊՀ-ի դահլիճում արած հրահանգը և չի վերականգնում Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի իրավունքները : Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ անդամ Երվանդ Սերոբյանը, որն իր ստորագրությամբ թույլ էր տվել նախկին ռեկտորին հաշվեհարդար տեսնել Մինասյանի հանցագործությունները, անօրինականությունները և ապօրինությունները բարձրաձայնող դասախոսների նկատմամբ, շարունակելու է պաշտպանել իր նախկին ռեկտորի և արդեն իսկ իր սեփական շահերը:
Հ.Գ. Պարզվում է նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն ևս 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ որպես խորհրդական նոր իրավաբան է ընդունել աշխատանքի: Շատ հետաքրքիր է. 2.5 դրույք հաստիքներ զբաղեցնող 3 իրավաբանները չե՞ն կարող համալսարանի շահերը պաշտպանել դատարանում, որ փաստաբան են վարձում Երևանից...Այսինքն` Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի դեմ 4 իրավաբան է մարտնչելու... Սա ևս մեկ ապացույց է,որ ՇՊՀ-ն այս երկու տարվա մեջ լցվել է ոչ միայն բուհական կրթությունից չհասկացող "մասնագետներով",այլև հենց այս մասնագետների շնորհիվ է,որ փոշիացվում է բուհի բյուջեն՝անիմաստ աշխատավարձ վճարելով վերջիններիս...
Գագիկ Համբարյան