Երեկ Բանակի, իսկ ավելի կոնկրետ՝ «Ազգ-Բանակ» թեմայի շուրջ դիսկուրսը թերևս առաջինն էր հեղաշրջումից հետո, երբ չկար բացարձակ գերիշխող դիրքորոշում՝ ընդդեմ նախկին իշխանությունների կողմից գործարկված մի ծրագրի։ Ավելին, սա թերևս առաջին դեպքն էր, երբ Փաշինյանի երիտկադրերից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ում անզգույշ հայտարարությունից էլ սկսվեց այդ ալիքը, չէր կարող պարծենալ լսրարանի անվերապահ, կամ էլ՝ գոնե գերակշիռ մեծամասնության աջակցությամբ։

 

Չխորանալով բուն թեմայի ու դրա շրջանակներում հնչած տարբեր կարծիքների մեջ՝ ուզում եմ, այնուամենայնիվ, մի առանձնահատկությունից խոսել՝ կապված Բանակի հետ, որը շատերը հասկանում են, շատերը ինտուիտիվ են զգում, շատերն էլ չեն հասկանում, բայց ունակ են օբյեկտիվ փաստերը վերլուծել։

 

Բանակը համակարգ է՝ բարդ, բազմակողմանի ու կոմպլեքս պետական համակարգ։ Համակարգ են նաև առողջապահության, կրթության, ֆինանսա-բանկային և այլ ուղղությունները։ Կարևորագույն տարբերությունը Բանակի ու մնացածի միջև այն է, որ եթե բոլոր մնացած համակարգերում տեսականորեն կարելի է խաղեր տալ ու կտրուկ շրջադարձներ անել, ապա Բանակում դա անել չի կարելի։ Խաղեր տալ ասելով էլ ի նկատի ունեմ արևմտամետական-ժողովրդավարակա-քաղհասարակական այն ավանդական լոլոները, որոց հակված են մեր երիտները։ Ասում եմ տեսականորեն կարելի է, որովհետև տենց խաղեր տալու արդյունքների ցակալիությունը կարելի է քննարկել, բայց այդ համակերգերում այլընտրանքներ գտնելը այդքան անհնար չէ։ Դիցուք՝ կարելի է կրթության Բուլոնյան համակարգից անցնել այլ համակարգի, կամ էլ հակառակը, առողջապահությունում կարելի է ավելի խորացնել համագործակցությունը ԵՄ-ի, կամ էլ Իսրայելի հետ, կամ էլ՝ ընդհակառակը, ֆինանսավարկային սեկտորում էլ կարելի է վեկտորների փոփոխություն անել, որովհետև բոլոր նշված դեպքերում կան այլընտրանքներ ու կա ժամանակի ռեսուրս։

 

Բանակի պարագայում խաղեր տալու նման դիապազոն չունենք։ Դուր է գալիս դա ոմաց, թե ոչ, բայց մեր ողջ զինտեխնիկան ռուսական է ու խորհրդային։ Այդ զինտեխնիկան ու զենքը սպասարկող ողջ սպայական ու մասնագիտական կազմը անում է դա ռուսական/խորհրդային մեթոդաբանությամբ։ Բանակը այն միակ ոլորտն է, որ պռո-ամերիկյան/արևմտյան/ոչ-ռուսական խաղեր տալը հավասարազոր է հակառուսական խաղեր տալու։ Ավելին ասեմ․ սա այն եզակի դեպքերից է, որ ցանկացած հակառուսական քայլ հավասարազոր է հակահայկական քայլի։ Մի պարզ պատճառով․ եթե նման քայլերի արդյունքում ստեղծվի իրավիճակ, որ Ռուսաստանը հրաժարվի մատակարարել զենք, զինամթերք, պահեստամասեր, կրթել մեր մասնագետներին, ապա մենք կմնանք օդում առկախված, որովհետև մենք չենք կարող արտադրել ոչ բավարար քանակությամբ փամփուշտ, ոչ բավարար քանակությամբ ու տեսականիով արկեր ու ականներ, էլ չեմ ասում՝ պատրաստի զինտեխնիկայի, կամ էլ դրա կարևորագույն պահեստամասերի՝ շարժիչների, ռադարի, տրնասմիսսիայի և այլնի մասին։

 

Ու սա միայն խնդրի կեսն է։ Մյուս կեսն այն է, որ եթե օրինակ՝ կրթական համակարգի փոփոխություն կարելի է անել բավականին արագ ու անցավ, ապա բանակի հարցում դա այդպես չէ։ Մեզ ոչ ոք չի նվիրելու հարյուրավոր ոչ ռուսական/խորհրդային տանկեր, ՀՕՊ համակարգեր, հրետանի, հրազեն ու այլ միջոցներ։ Մեր մասնագետներին ոչ ոք զանգվածային կերպով ու շատ արագ չի վերապատրաստելու, որ Տ-72 տանկից արագ անցնեն Աբրամս, կամ էլ Լեոպարդ 2 տանկի շահագործման։ Անգամ եթե մի որևէ հրաշքով մեզ էդ ամենը տան, մենք ֆիզիկապես ժամանակ չունենք նման անցում իրականացնելու համար, իսկ ժամանակը այստեղ առանցքային չափորոշիչ է, որովհետև մենք ոչ Բալթյան երկիր ենք, ոչ Լեհաստան ենք, ոչ էլ՝ Չեխոսլովակիա, որ արխային լինի արտաքին վտանգի մասով ու տարիներով այդ ռեֆորմներն ու անցումն իրականացնի։ Մենք ունենք Ադրբեջան ու Թուրքիա, ինչպես նաև՝ միանգամայն ռեալ ռազմական ռիսկ այդ երկու երկրներից։

 

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի երիտկադրերը կարող են տարբեր ոլորտներում էքսպրոմտ չարաճճիությունների ու էքսպերիմենտներ անել, բայց Բանակն ու Անվտանգության համակարգը նման չարաճճիությունների և էքսպերիմենտների տեղ չեն, արևմտամետ ֆինտերն էլ խիստ ռիսկային են՝ կլինեն դրանք ԱԽՔ-ի կողմից, թե՝ անձամբ Փաշինյանի։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան