Երեկ Աժ-ում վարչապետի ընտրության ժամանակ Հանրապետականի խմբակցությունը որոշիչ դերակատարում ուներ, բայց բավականին տարօրինակ էր, որ ո՛չ սեփական թեկնածուով հանդես եկավ, ո՛չ էլ պաշտպանեց մյուս թեկնածուին, որը միակն էր և ուրիշ ընտրություն չկար:
Քանի որ հանրապետականները նախապես գիտեին, որ չեն ընտրելու Փաշինյանին, ենթադրում եմ, որ նրանք պարզապես ժամանակ էին ձգում, մի ամբողջ օր շահեցին գումարած ևս մեկ շաբաթ: Ամբողջ հարցն այն է, թե ու՞մ է պետք այդ ժամանակը և ինչի համար:
Երեկվա ընտրությունը նաև ցույց տվեց, որ Հանրապետականի խմբակցությունը, փաստորեն, երեկվա դրությամբ չէր կարող կամ չէր ուզում իր վրա վերցրել պատասխանատվություն կառավարություն ձևավորելու և երկիրը բնականոն կյանքին վերադարձնելու համար: Դա մի քիչ պարադոքսալ է, որովհետև խոսքը գնում է ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի մասին, որը նաև կառավարման երկարամյա փորձ ունի, և այլն: Բայց երեկվա քայլը փաստացի նշանակում է, որ պատասխանատվությունը իրնեք չվերցրեցին, վերցնողների հետ էլ՝ չկիսեցին: Կրկին հարց՝ ինչու՞:
Եթե այս օրերի ընթացքում իրականացվելու են ինչ-որ ստվերային գործողություններ տնտեսական ոլորտում կամ ուժ է կիրառվելու, ապա հանրապետականների դիրքորոշումը պարզ է. նրանք չեն ուզում լինել մի կառավարության մեջ, որը ստանալու է պրոբլեմներով երկիր: Բայց, միևնույն ժամանակ, եթե նրանք գիտեն նման ծրագրերի մասին և չեն հայտնում, ապա դա պետական դավաճանություն է:
Ժամանակը ցույց կտա, թե ում վրա էր աշխատում այս օրերին: