Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնի զարհուրելի հրդեհը ցնցել է բոլորին ու ոչ միայն Ռուսաստանում։ Այն աստիճան է մարդկանց զայրույթը, որ Կեմերովոյում տարերային ցույցեր են սկսվել, որոնք պահանջում են ողջ ճշմարտությունը՝ զոհերի իրական թվի, պատասխանատուների ու առհասարակ այն բարդակի մասին, որը տիրում է ոչ միայն Կեմերովոյում, այլ ողջ Ռուաստանում։
Սակայն սա միայն ռուսական խնդիր չէ։ Այս պահին հայտնի դետալներից կարելի է վստահ եզրահանգում անել, որ տասնյակ մարդկանց կայնք խլած հրդեհի հիմքում պատճառների մի ամբողջ բույլ է, որոնց մեծ մասն ամենևին էլ ունիկալ չեն զուտ Ռուսաստանի համար, իսկ ամենագլխավոր պատճառները՝ հանցավոր անպատասպանատվությունն ու ամենաթողությունը, թերևս նույնքան բնորոշում են մեր հասարակությանը, որքան ռուսականը։
Առանձնացնեմ մի քանի կարևոր դրվագ․
- անվտանգության աշխատակիցը անջատում է միացած հակահրդեհային անվտանգության համակարգը, որովհետև, ինչպես ինքն է նշել, վախեցել էր, որ մարդկանց մոտ կարող էր խուճապ սկսվել, բայց ավելի հավանական է, որ պարզապես մտածել է, որ այն սխալմամբ է միացել ու չի էլ ստուգել։
- մեկ այլ դրվագ, որը ոչ պակաս կարևոր է․ կոմպլեքսի շինարարության ժամանակ չեն պահպանվել հակահրդեհային պահպանության էլեմենտար նորմեր՝ սկսած պատուհանների քանակից, վերջացրածջերմաիզոլյացիայի համար օգտագործված շինանյութերի քիմիական բաղադրության սպեցիֆիկ կողմեր, որոնցից առավել ակնառուն այն էր, որ ըստ ականատեսների վկայության, դրանց այրման արդյունքում առաջացած ծուխն այնքան տոքսիկ է եղել, որ մարդիկ գրեթե ակնթարթորեն կորցրել են գիտակցությունը։ Նման բացթողումներ հնարավոր են միայն կոռումպացված մեխանիզմների գործարկման դեպքում, երբ պատկան մարցմինները թույլ են տալիս շինարարության ժամանակ այնպիսի լուծումներ, որոնք տվյալ կենտրոնը պոտենցիալ թակարդ են դարձնում հարյուրավոր մարդկանց համար, եթե հրդեհ լինի։
- ու վերջապես, թերևս ամենասարսափելի դրվագը, որը, բարեբախատաբար, քիչ հավանական է հայաստանում․ երեխաներով լեփ-լեցուն կինոդահլիճների դռները կողպված են եղել, որպեսզի խուսափեն առանց տոմսով դիտողների թափանցումից ու մարդիկ հայտնվել են կրկնակի ծուղակներում։
Ամբողջացնելով՝ ստացվում է, որ այս սոսակլի ողբերգությունը հնարավոր է դարձել առաջին հերթին կենցաղային մակարդակից մինչև պաշտոնական մակարդակ ձգվող ու փոխկապակցված անփութության, անպատասխանատվության և օրենքներին ու կանոնների սարսափելի անտեսման հետևանքով։