Չնայած Իրանի շուրջ տեղի ունեցած և ներկայումս էլ ունեցող զարգացումներին, որոնցից կարելի է առանձնացնել Արևմտյան պատժամիջոցները, անցած տարեվերջին սկսված և մինչև այս տարվա հունվարի սկիզբ շարունակված բողոքի ցույցերը, Ամերիկայի ճնշումները՝ միջուկային համաձայնության հարցում, Սիրիական ճգնաժամում նոր իրողությունների ի հայտ գալը, Պարսից ծոցի երկրների հետ շարունակվող և օրեցօր աճող մրցակցությունը, որը ձգտում է թշնամության և այլն և այլն, Իրանը շարունակում է մեծ ուշադրության դարձնել տնտեսությանը և հաստատակամ ու վստահ քայլերով կատարել ճիշտ ու հաշվենկատ գործողություններ այն զարգացնելու ուղղությամբ՝ համարելով, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներկա ու գալիք մարտահրավերներին լավագույնս դիմագրավելու միջոցը զարգացած տնտեսություն ունենալն է։ Հենց այդ նպատակի համար էլ ԱԳՆ-ում ստեղծվեց նախարարի տնտեսական հարցերի գծով հատուկ խորհրդականի պաշտոն։
Իրանական տնտեսության զարգացման մասին են վկայում նաև Իրանի վիճակագրական կենտրոնի հաղորդած տվյալները, համաձայն որի՝ իրանական տնտեսությունը անցած տարվա մարտից մինչև դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում գրանցել է 4․4 % տնտեսական աճ։
Այս համատեքստում իր տեղն է գտնում նաև ֆրանսիական հայտնի «Տոտալ» ընկերության ներկայությունն Իրանում, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների 57%-անոց աճը, ինչպես նաև վերջերս ռուսական պետական «Զառուբեժնեֆտ» պետական ընկերության հետ համագոծակցության պայմանագրի կնքումը, որով նախատեսվում է արտադրել օրական մինչև 48․000 բարել նավթ և 10 տարվա ընթացքում արտադրանքը հասցնել մինչև 67 մլն բարելի, կատարել տեխնիկական մի շարք նորացումներ․ նոր հորատանցքերի փորում, պոմպերի տեղադրում, 3D սեյսմիկ հետազոտությունների անցկացում և այլն։