Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ մարտի 12-ից 17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների մասնակցությամբ:
Զորավարժություններում կներգրավվեն 25 000 զինծառայողներ, 250 միավոր տանկ և զրահամեքենա, շուրջ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային սարքեր, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ:
Զորավարժությունների ժամանակ կիրականացվեն հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարձակման առաջադրանքներ:
Ադրբեջանական զորքերը ոտքի են հանվել «տագնապի» ազդանշանով: «Տագնապի» ազդանշանով ոտքի հանված զորքերը, կառավարման հրամանատարային կետերը, մարտական և պահեստային զորամասերը տեղափոխվում են օպերատիվ նշանակման շրջաններ:
Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի կունենա արտահերթ նախագահական ընտրություններ, որի գլխավոր թեկնածուն երկրի ներկայիս նախագահ , «Յենի Ազերբայջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիևն է:
Ընտրությունների օրվա փոփխությունից հետո Ալիևը իր քարոզարշավի մի մասն է դարձրել նաև երկրի զինված ուժերին ու դրանց օգնությամբ արդեն իսկ սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը: Բանակի զինվորները իրենց կյանքի և առողջության հաշվին արդեն մի քանի ձախողված գործողություններ են կատարել սահմանին, հիմա էլ զորավարժության են մասնակցում Ալիևի «անպարտելի բանակի» մասին միֆերը հաստատելու համար: