Քաղաքական գործընթացների ակտիվանալու, մասնավորապես, ապրիլ ամսին վարչապետի ընտրության փուլի նախաշեմին ակտիվանում է նաև ընդիմությունը: Ընդիմադիր որոշ ուժեր կարծես թե նախապատրաստվում են փողոցային պայքարի: Այդ շրջանակներում սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ, բայց թե որքանով դա կտա սպասած արդյունքները, դա արդեն այլ հարց է:
Վերջին շրջանում ընդիմադիր ուժերի գործունեությունը ցույց է տվել, որ նրանց վարկանիշն ու հանրային վստահությունը գտնվում են բավականաչափ ցածր մակարդակում և այդ ռեսուրսով փորձել զանգվածային ակցիաներ կազմակերպել՝ անիրատեսական է: Փոխարենը օրերս ընդիմության համար հետաքրքիր դեղատոմս է առաջարկել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, առաջ քաշելով ստվերային կառավարության հայեցակարգը, որի նպատակը կառավարության առաջ քաշած օրինագծերի վերլուծություն անցկացնելը, գնահատելն ու ալտերնատիվ լուծումներ առաջարկելն է:
«Կարծում եմ, որ ընդդիմությունը վաղ, թե ուշ գալու է այս ձևաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձևաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատև գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթեը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը»,- նշել է Ա. Աշոտյանը:
Այսպիսով՝ ընդիմությանն առաջարկելով ստվերային կառավարության իդեան, Ա. Աշոտյանը, կարծես թե նրան ավելի ֆունդամենտալ, ավելի հեռանկարային պայքարի ուղի է առաջարկում: Կգնա՞ն ԵԼՔ-ը կամ այլ քաղաքական ուժեր այդ ուղիով, ցույց կտա ժամանակը: