Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ քրդական Աֆրինի «ազատագրումից» հետո իրենց տներ կվերադառնան մոտ 350,000 աֆրինցիներ, որոնք փախել էին Թուրքիա։

Թուրքիայում բնակվում է երեք միլիոնից ավել սիրիացի փախստական, որոնց մեծամասնությունը՝ սուննի արաբներ։ Աֆրին ներխուժումից առաջ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինը պատկանում է արաբներին։

Փաստորեն, Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է փոխել Սիրիայի հյուսիսի էթնիկ դեմքը'իրականացնել քրդական բնակչության զտումներ ու այդ «բացը» լրացնել Թուրքիայում բնակվող սիրիացի, արաբ փախստականներով։ Էրդողանը «քրդական առանցքը», որն իր մեջ ներառում է Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի ու Իրանի քրդերին, փորձելու է «ճեղքել» արաբների ու այլ իսլամիստական խմբերի միջոցով' այդ կերպ թույլ չտալով քրդական միջանցքի ձևավորում Սիրիա–Իրաք–Թուրքիա ուղղությամբ։

Էթնիկ զտումներից բացի՝ Էրդողանը փորձելու է այդ «պլացդարմը» բնակեցնել արաբներով, որոնք ավելի լոյալ կլինեն թուրքերին ու թշնամաբար տրամադրված կլինեն քրդերի նկատմամբ․ քրդերի տներում Թուրքիան ցանկանում է բնակեցնել արաբների ու փոխել այդ տարածաշրջանի ազգային կազմը։ Ժամանակին այդպիսի քաղաքականություն որդեգրվեց Արևմտյան Հայաստանի նկատմամբ․ հայերի փոխարեն այնտեղ բնակեցվեցին թուրքեր' Կենտրոնական Անատոլիայից ու Բալկաններից ներգաղթած, քրդեր, հյուսիսկովկասյան ժողովուրդներ' չերքեզներ և այլն։

Սիրիայի հյուսիսում բնակվում են նաև հայեր, և թուրքական պետության այդ քաղաքականությունը կարող է վտանգել ցեղասպանության ժառանգներին արդեն իսկ Սիրիայի հողում։ ՀՀ–ն իր լոբբիստական կառույցներով պետք է ամեն կերպ պաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, դատապարտի քրդերի նկատմամբ զտումներն ու պահանջի ապահովել Սիրիայի հյուսիսային շրջաններում բնակվող հայերի անվտանգությունը։ Դա հնարավոր է անել նաև Սիրիայի կենտրոնական իշխանությունների ու ՌԴ–ի հետ համակարգված։