Ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ավելի է ու ավելի է «խրվելու» սիրիական պատերազմի հորձանուտի մեջ, իսկ դա միանշանակ մահաբեր է լինելու' ապագայում այդ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու առումով: Ի՞նչն է Թուրքիայի հիմնական «փորացավը» Սիրիայում, ինչի՞ համար է այդ երկիրը ներքաշված այդ խառնաշփոթի մեջ: Իհարկե դա' Արևմտյան Հայաստանի (ներկայիս Արևելյան Թուրքիա) պատմական որոշ տարածքների վրա անկախ Քրդստանի ստեղծման իրական տեսլականն է, որից Թուրքիան սարսափելի է վախենում, և վախենում է' տեղին: Ինչ որ մի պահ չի բացառվում նաև այդ տարածքների մասով 1920-ի Սևրի պայմանագրի դրույթների անսպասելի «վերակենդանացումը»:
Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թուրքիան դիվանագիտական խողովակներով նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որ ոչ մի դեպքում թույլ չի տա Քրդական ընդդիմության ուժային թևին (PYD) Սիրիայի հյուսիս-արևմուտքում, իր սահմանի մոտ, տարածքներ գրավել: Թուրքիան նաև մեծ կասկածներ ունի, որ Ռուսաստանը, որը երկու շաբաթ առաջ Սիրիայում սկսել է օդային հարվածներ հասցնել և այսօր արդեն աջակցում է իրանա-սիրիական ցամաքային հարձակման գործընթացին, գաղտնի կերպով աջակցում է քրդերին: Պետք չէ զարմանալ. «քաղցրաբլիթի ու մտրակի» քաղաքականությունը' դա հայտնի հնարք է, որն այժմ կարող է կիրառել նույն Ռուսաստանը' Թուրքիայի նկատմամբ: Իսկ Ստամբուլի խաղաղ ցույցի ժամանակ իրականացված պայթյուններից հետո' հիմա արդեն Եվրոպան է բողոքում Թուրքիայից: Բրիտանական հեղինակավոր «The Times» թերթը «Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն է» խորհրդանշական խորագրով հոդված է տպագրել, շեշտելով, որ այդ երկիրը «վերածվել է Եվրոպայի համար կործանարար դաշնակցի»:
Թերևս մենք էլ, Հայաստանն ու ողջ հայությունը, ունի իր «հատուկ վերաբերմունքը» Թուրքիայի նկատմամբ և հաստատ «դիտորդի» կարգավիճակում չի մնա' ոչինչ չի մոռացվել և ոչ ոք չի մոռացվել: Շառլ Ազնավուրը ամիսներ առաջ «Le Monde»-ում հրապարակված իր հայտնի հոդվածում գրում էր. «Ես էլ եմ ինչ որ կերպ կրում այդ մեր զոհերի չհանգչող տանջանքների ծանրությունը, և բարոյական հատուցման խիղճն է կապում ինձ նրանց հետ... Մահացածները' անպաշտպան են, և կենդանի մարդիկ պետք է զգոն լինեն նրանց հիշատակը արժանապատվորեն պահելու համար, որպիսի մոռացությունն ու ժխտումը՝ նրանց նորից չսպանի: Ես համարում եմ, որ դա՝ ամեն հայի սուրբ պարտականությունն է...»:
Ռուբեն Շուխյան