Թուրքիան ունի երկու հիմնական խնդիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով: Թուրքիայի առաջին խնդիրը հնարավորինս իր սահմաններից հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց թուրքերը համարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղավորումներ Սիրիայի տարածքում:
Նրանց առաջնային խնդիրը սա է, ինչպես նաև 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսային շրջաններում: Եթե այս խնդիրների լուծումը հնարավոր լինի ոչ ամբողջապես ռազմական միջամտության, այլև քաղաքական պայմանավորվածությունների միջոցով, Թուրքիան կդադարեցնի ռազմական առաջխաղացումը:
Իսկ հեռանկարային առումով թուրքական իշխանությունները շատ ավելի կարևոր նպատակներ ունեն, այն է՝ նշված շրջանը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու: Եվ չի բացառվում, որ այս շրջաններում այնգամ իրականացվեն էթնիկ զտումներ, և շրջանը բնակեցվի Թուրքիային հավատարիմ ազգային-կրոնական խմբերով: Կարծես թե, այս ուղղությամբ իրականացվում են միաժամանակ զուգահեռ գործընթացներ՝ նախ, ռազմական գործողությունը Աֆրինում, հետո Իդլիբում է փորձ արվում ստեղծել Թուրքիային ենթակա խմբավորումների դաշինք, որը կփորձի այս նահանգում ամբողջապես վերահսկողություն սահմանել:
Հալեպի նահանգի որոշ հատվածներում դարձյալ նույն գործընթացն է իրականացվում: Եվ այս առումով Թուրքիայի նպատակները բավական հեռանկարային են՝ հաշվի առնելով այս շրջանների անվտանգային, տնտեսական և ռազմավարական նշանակությունը Թուրքիայի համար:
Կից նյութն՝ այստեղ