Ըստ Իրաքի իշխանությունների՝ 2014թ.-ից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության և դրա դեմ ծավալված պայքարի հետևանքով մերձավորարևելյան այդ երկրում զոհվել է շուրջ 18 հազար, վիրավորվել մոտ կրկնակի ավել՝ 36 հազար մարդ: Իրաքի կրած ֆինանսական կորուստները գերազանցում են 88 մլրդ դոլարը, որի 1/4-ն առնչվում են երկրի այնպիսի առանքային ոլորտներին, որոնք են առողջապահությունն ու կրթությունը:

 

Անցյալ շաբաթ Իրաքին անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՀԲ-ի հովանու ներքո 67 երկրների մասնակցությամբ դոնորների միջազգային համաժողով էր գումարվել Քուվեյթում, որի ընթացքում հավաքագրվել են միլիարդավոր դոլարներ՝ հիմնականում ներդրումների և շահավետ պայմաններով վարկերի տեսքով: Իրաքին ամենախոշոր աջակցությունը խոստացած երկրների առաջատար քառյակը հետևյալ տեսքն ունի՝


1. Թուրքիա (5 մլրդ դոլար),
2. Քուվեյթ (2 մլրդ դոլար),
3. Սաուդյան Արաբիա (1,5 մլրդ դոլար),
4. Կատար (1 մլրդ դոլար):

Չնայած Իրաքում առկա կոռուպցիայի բավական բարձր մակարդակի պատճառով միջազգային ներդրումների ծավալը դեռևս պահանջվածից անհամեմատ պակաս է, այուհանդերձ, անգամ վերոնշյալ թվերը հաշվի առնելով կանխատեսելի է դառնում Իրաքում Թուրքիայի տնտեսական ազդեցության, նաև դրանով պայմանավորված՝ քաղաքական կշռի աճը, ինչը բնականաբար լուրջ մարտահրավեր է նախ և առաջ այդ երկրում ներկա ամենաազդեցիկ արտաքին դերակատարների՝ ԱՄՆ-ի, հատկապես Իրանի համար: Չնայած վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայի և Իրանի միջև նկատվող հարաբերությունների բարելավման գործընթացին, այդուհանդերձ որևէ կասկած չկա՝ արդեն առաջիկա տարիներին նաև Իրաքում ականատես ենք լինելու Թեհրանի և Անկարայի համակողմանի մրցակցությանը: