Ավարտվող շաբաթվա ընթացքում ուշագրավ սրացումներ են տեղ գտել սիրիական ռազմաճակատի մի շարք հատվածներում, ինչպես նաև՝ հակամարտությանն ներգրավված միաժամանակ մի քանի դերակատարների միջև
1. Իդլիբ-Հալեպ նահանգների սահմանային հատվածում Թուրքիայի ամրապնդման փորձը և Ռուսաստանի լուռ համաձայնությունը լարվածություն է առաջացրել Աստանայի գործընթացի մասնակից 3 գործընկերների՝ մի կողմից Թեհրանի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի միջև: Իրանական իշխանությունների արձագանքը ոչ միայն սիրիական ռազմաճակատում է՝ նրանց հովանավորյալ խմբավորումների կողմից Թուրքիայի դիրքերին ուղղված հարվածների տեսքով, այլև՝ դիվանագիտական և քարոզչական՝ արտահայտված հակաթուրքական սուր հռետորաբանությամբ, նաև մեդիահրապարակումների միջոցով:
2. Սիրիական ԶՈւ-ն առավել անկաշկանդ կերպով պատասխան հարվածներ է հասցնում սեփական տարածքում պարբերաբար տարաբնույթ գործողություններ իրականացնող իսրայելական օդուժի դեմ՝ երբեմն նաև վնաս հասցնելով սահմանակից իսրայելական բնակավայրերին:
Այս իրողությունը հավանաբար պայմանավորված է նաև Դամասկոս-Թեհրան և Մոսկվա-Անկարա ձևաչափերի միջև սրված հակասություններով:
3. Դեր Զորում լուրջ բախումներ են գրանցվել սիրիական վարչակարգին հարող ժողովրդական աշխարհազորի և ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալների միջև. գործողություններին մասնակցել է նաև ամերիկյան օդուժը, ինչի հետևանքով կառավարամետ ուժերը զգալի կորուստներ են կրել:
4. Սիրիական օդուժի կողմից Դամասկոսի արվարձաններում և Իդլիբ նահանգում իրականացված մի շարք ավիահարվածներից հետո Վաշինգթոնից դարձյալ հայտարարվել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հնարավորության մասին:
4.Իդլիբում շարունակվում են կատաղի մարտերն ինչպես հակակառավարական տարաբնույթ խմբավորումների, այնպես էլ ընդդիմադիրների և կառավարամետ ուժերի միջև: Ռազմական գործողություններից անմասն չեն մնում նաև «Իսլամական պետություն» և «Հայա Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումները: Ճիշտ 1 շաբաթ առաջ Իդլիբում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո նահանգում հակակառավարական ուժերի դեմ իրականացվող գործողություններին առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ռուսական օդուժը:
5. Շարունակվում է քրդաբնակ Աֆրինի դեմ թուրքական ԶՈւ-ի և հովանավորյալ խմբավորումների նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը. հարձակվող կողմը գրանցում է կայուն առաջխաղացում, ինչը, սակայն, սպասվածից ավելի դանդաղ է տրվում: Նույն ռազմագործողությամբ պայմանավորված՝ ավելի է սրվել հռետորաբանությունը Անկարայի և Վաշինգթոնի միջև:
Նշված բոլոր ուղղություններում գրանցված ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ շատ ավելի մեծ թափով ընթանում է նաև քարոզչական, հոգեբանական դիմակայությունը: