Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տվել է իր առաջին հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը, որտեղ մանրամասն խոսել է իր՝ Հայաստանի մասին պատկերացումների, յուր անձի վերաբերյալ խոսակցություններին, պաշտոնավարման տարիների ու հետաքրքրությունների վերաբերյալ։ Դիվանագետին ոչ հատուկ անմիջականությամբ Սարգսյանը փորձում էր պատասխանել բոլոր հարցերին ու մտահոգություններին, որոնք ունի հանրությունը կամ քաղաքական շրջանակները այդ մարդու վերաբերյալ։

 


Արմեն սարգսյանը հայաստանյան քաղաքականության մեջ նոր մարդ չէ, սակայն իր բնույթով երևի թե համապատասխանում է ավելի շատ քաղաքական «ոսկե պահեստային» ամպլուային։ Լինելով Մեծ Բրտիանիայի արտակարգ ու լիազոր դեսպան, նա հրավիրվել է հայաստան այն ժամանակ, երբ իշխանության նկատմամբ հայաստանյան հասարակության վերաբերմունքը եղել է առավելագույնս թերահավատ։

 


Առաջին անգամ ինչպես հիշում ենք 1996 թվականին նրան հայաստան հրավիրեց այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հետագայում, 2008 թվականին, երբ առաջին նախագահը վերադաձել էր մեծ քաղաքականություն, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ արմեն սարգսյանի նշանակումը նա բացատրեց հետևյալ կերպ՝ «իշխանության մեջ ճգնաժամ էր, հանրության վստահությունը հասել էր գրեթե զրոյական մակարդակի և եթե ես վարչապետ նշանակեի ՀՀՇ «բանդիտներից մեկին», ապա կարող էր պայթյուն տեղի ունենալ։ Հրավիրեցինք մեկին, ով մարդամոտ էր շփվող, և կարող էր դրական երանգ հաղորդել մեր աշխատանքին»։ Սակայն հետո Սարգսյանը հիվանդացավ ու հեռացավ Հայաստանից, պաշտոնավարելով ըստ էության 3 ամիս համարյա։ Հիմա նորից նրան հրավիրում է նախագահը՝ այս անգամ Սերժ Սարգսյանը։ Հրավիրում է այն ժամանակ, երբ նորից իշխանության մեջ ճգնաժամ կա,սակայն ի տարբերություն 96 թվականի, այս անգամ ճգնաժամը ոչ թե իշխանության ներսի մեջ է (չշփոթել տարաձայնությունների հետ, դրանք կան ու հակառակն անտրամաբանական կլիներ), այլ ավելի շատ վերաբերվում է հանրություն-քաղաքական համակարգ հարաբերություններին։

 


Գործը բարդացնում է նաև այն,որ Սերժ Սարգսյանը այս քայլին գնում է ճարահատյալ, որովհետև քաղաքական համակարգ ասելով նկատի չունենք միայն իշխանությանը։ Գրեթե պարալիզացված է ընդդիմությունը, որը քաղաքական գործընթացների նկատմամբ ավելի շատ որդեգրում է կրավորական կեցվածք, կցկտուր խոսք, ուստի հակակշիռ չի կարող հանդիսանալ իշխանությանը և ոչ էլ լինել մոտիվատոր՝ ավելի կենտրոնացած ու արդյունավետ աշխատանքի։

 

Հետևաբար Արմեն Սարգսյանին Հայաստան ն հրավիրելը յուրատեսակ մարտահրավեր է ամբողջ քաղաքական համակարգի համար ու իշխանության տարբեր բևեռներն ու ինչու ոչ նաև ընդդիմությունը, պետք է փորձեն իրենց հարաբերությունները կառուցեն նախագահի հետ,ով թեկուզ սիմվոլիկ, բայց հատկանշանակ ֆիգուր է լինելու քաղաքական դաշտում, կոչված փոխարինելու արբիտրի այն դերակատարին, որը արդեն երկար տարիներ ստանձնել էր Սերժ Սարգսյանը։

 

Քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ Արմեն Սարգսյանը ունի բավականին լավ հարաբերություններ, ներհայաստանյան ինտրիգների մեջ թաթախված չէ, ուստի նրա հետ կարելի է փորձել ինչ-որ պայմանավորվածության գալ, և չի բացառվում, որ հենց նրա միջոցով Սերժ սարգսյանը փորձի ձևավորել ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին շատ է խոսել։ Արմեն Սարգսյանն էլ իր հարցազրույցում, բավականին դրական երանգավորմամբ խոսեց թե գործող թե նախկին իշխանությունների հետ ունեցած իր ջերմ հարաբերությունների մասին, վերհիշեց Վազգեն Սարգսյանի հետ իր ընկերությունը։

 

Իսկ բարի ու դրական հուշերը լավագույն միջոցն է հանրության վստահությունը շահելու համար, քանի որ հուշերը ժողովրդական զրույցներում հետագայում դառնում են առասպելներ ու անընդհատ խոսակցության առարկա դառնում։