Հունվարի 25-ին միաժամանակ մի քանի լրատվամիջոցներ տարածել էին Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ղեկավարության կոչը՝ հղված սիրիական իշխանություններին՝ շրջան ուղարկելու կառավարական ուժերը՝ Թուրքիայի հարձակումից նրա սահմանները պաշտպանելու համար:
Հարկ է նշել, որ թուրքական ԶՈւ-ի և նրանց հարող սիրիական խմբավորումների կողմից Աֆրինի դեմ նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը կանխելու նպատակով ավելի վաղ Աֆրինի ղեկավարությանը նմանատիպ առաջարկով էր դիմել Ռուսաստանը: Ըստ այդմ՝ եթե քրդական կողմն ընդուներ սիրիական կառավարության իշխանությունը և շրջանը հանձներ կառավարական ուժերի վերահսկողությանը, ապա Մոսկվայի միջնորդությամբ և երաշխավորությամբ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանար: Նշված հանգուցալուծումը ենթադրում էր, որ Թուրքիան կհրաժարվեր ռազմական գործողության իրականացումից, իսկ ռուսական կողմի հովանու ներքո «Քրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Քրդստանի բանվորական կուսակցության»(PKK) զինյալներն անվտանգ ճանապարհով կլքեին Աֆրինի շրջանը:
Մինչդեռ քրդական կողմը, հավանաբար ունենալով սեփական նպատակներն ու ծրագրերը և չցանկանալով հրաժարվել 6-ամյա պայքարի արդյունքներից, չընդունեցին Մոսկվայի առաջարկը, և Աֆրինում տեղակայված ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումը դուրս բերվեց շրջանից, ինչը նաև YPG-ի ղեկավարության կողմից գնահատվեց՝ որպես դավաճանություն:
Վերոնշյալի համատեքստում, եթե քրդերի կողմից սիրիական կառավարությանն ուղղված կոչը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է փաստել, որ Աֆրինի քրդերը, ինչպես ավելի վաղ Իրաքի քրդերը՝ անկախության հանրաքվեի նախաձեռնման գործընթացում, պարզապես սխալվել են իրենց հաշվարկներում: Տվյալ դեպքում ևս, հույս ունենալով նախ միջազգային լայն աջակցության հնարավորության (հատկապես ԱՄՆ-ի, Իսրայելի), ապա սխալվելով սեփական ուժերի և հակառակորդի իրական հնարավորությունների ու կարողությունների հարցում, Աֆրինի քրդական կառույցները դիմեցին ռիսկի: Մինչդեռ, ինչպես «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առնչությամբ միջազգային հանրության և հատկապես քրդերի առանցքային դաշնակցի բավական իներտ արձագանքը, այնպես էլ թուրքական կողմի սկզբունքայնությունն ու հակամարտ կողմերի տիրապետած սպառազինության մակարդակի էական տարբերությունը գուցեև մղում են սիրիական հակամարտության ողջ ընթացքում ամենախաղաղ և ամենաանվտանգ շրջաններից մեկի՝ Աֆրինի ղեկավարությանը՝ իրավիճակը փրկելու փորձեր փնտրել հատկապես քաղաքական հարթությունում և հնարավորինս նվազ մարդկային, տնտեսական, քաղաքական կորուստների գնով:
Արմեն Պետրոսյան