Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն:
Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում: Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը:
Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե՞ սխալ դաստիարակությունը: Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը: Այլ կերպ վարվելու դեպքում աղետներն ու արհավիրքներն անխուսափելի կլինեին, եւ այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլեւ վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը»:
Լևոն Տեր Պետրոսյան, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»