Մենք կարող ենք Լիբանանը վերադարձնել քարե դար։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը։


Նա նշել է, որ ինչպես Սիրիայում, իրենք խոչընդոտելու ենք Հզբոլահին ռազմական գործողություններով։ Ըստ նրա, այս անգամ Իսրայելի թիրախը կարող է դառնալ ողջ Լիբանանը։
Լիբանանում Իրանի շահերի սպասարկող է համարվում Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմաքաղաքական միավորումը։
Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Սիրիայում' Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից' Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը' պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։


Սիրիան ու Հզբոլահը' Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը' Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների' Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։
Թել Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը' իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։


Սիրիական հակամարտության պատճառով տուժել է տեղի հայ համայնքը'կորցնելով նյութական մեծ արժեքներ և դառնալով փախստական։ Այսօր այդպիսի ճակատագիր է սպառնում նաև Լիբանանի հայ համայնքին։
Լիբանանում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենակայացած համայնքներից մեկը՝ լիբանանահայ գաղութը, որը սունի-շիա հակամարտության, Իրան–Իսրայել proxy war-ի պատճառով ստիպված կլինի արտագաղթել երկրից և կրկնել իրենց սիրիահայ եղբայրների ճակատագիրը:


Քաղաքական չեզոքության պահպանման դեպքում միևնույն է համայնքը չի կարող ապահովագրված լինել փողոցում կատարվող ահաբեկչություններից կամ ռազմական բախումների վտանգից, Սիրիայից՝Լիբանանի տարածքի հրետակոծություններից և ընդհանուր առմամբ, Լիբանանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման բացասական հետևանքներից:


Այսպիսով, Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է ՀՀ-ի շահերից, ինչպես հայրենակիցների նկատմամբ բարոյական պատասխանատվության, այնպես էլ Մերձավոր Արևելքում հայկական գործոնի և ներկայության պահպանման տրամաբանությունից ելնելով: