Իսրայել-Իրան ներկայիս քաղաքական, ռազմավարական խորքային հակասությունները հաճախ այն թյուր տպավորությունն են ձևավորում, որ կողմերը մշտապես եղել են հակառակորդներ։
Հարցի հետ կապված բերենք մի քանի դիտարկում ոչ վաղ պատմական անցյալից, որոնք փաստում են վերը նշվածի լրիվ հակապատկերը՝ ևս մեկ անգամ հաստատելով այն միտքը, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը այնքան էլ անիրատեսական չէ։
Իրանի ու Իսրայելի միջև դիվանագիտական առաջին շփումները տեղի ունեցան դեռևս 1948թ. Իսրայել պետության հիմնադրմանը գրեթե զուգահեռ։ Առաջին դիվանագիտական կապերը հաստատվում էին հիմնականում ԱՄՆ միջնորդությամբ։

 


Նկատենք, որ այդ տարիներին բարձր մակարդակով քննարկվում էր Իրանի կողմից Իսրայել պետության ճանաչման հարցը։ Փաստացի Իրանի կառավարությունը ճանաչեց Իսրայել պետությունը վերջինիս հիմնադրումից ընդամենը երկու տարի անց՝ 1950թ.։
Իրանական կողմը ակտիվ մասնակցություն ունեցավ Էյլատ-Աշքելոն նավթամուղի շինարարությանը, որով նախատեսվում էր իրականացնել իրանական նավթի մատակարարումները։ Ասենք ավելին, 1973թ. արաբա-իսրայելյան հերթական պատերազմի օրերին իրանական կողմը Իսրայելին մատակարարեց «Ֆանտոմ» տեսակի 25 ռմբակոծիչներ։
Իսրայելն իր հերթին մեծ ներդրում ունի Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում, որում ըստ տարբեր աղբյուրների, ակտիվ մասնակցություն են ունեցել իսրայելցի մասնագետները։ Երկու երկրների միջև համագործակցությունը բավական սահուն էր ընթանում նաև հատուկ ծառայությունների մակարդակով ևս։

 


Իրան-Իսրայել ռազմավարական գործակցությունը զարգացավ ընդհուպ մինչև Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը։
Ինչպես ասում են, քաղաքական պատմությունը հաճախ կրկնվելու միտում ունի, և կողմերի միջև քաղաքական հարաբերությունների վերականգմնման հնարավորությունը այնքան էլ անհեռանկարային չէ։

 

Կարեն Վերանյան