Օրերս ֆեյսբուքյան ըներներիցս մեկը իր էջ էր բերել արցախյան շարժման մասին պատմող մի նյութ՝ այն ժամանակների ցույցերի լուսանկարով։ Տարբեր մեկնաբանություններ կային, բայց դրանցից մեկը խոցեց սիրտս։ ՄԻ տիկին, ով այն թվերին ուսանողուհի էր եղել, սրտի ցավով գրել էր՝
«Լացս գալիս է, երբ հիշում եմ, թե ինչ հույսեր ունեինք ու նայում եմ, թե ինչ իրականություն ունենք»։
Ես ամբողջությամբ հասկանում եմ տիկնոջը, քանի որ ինքս էլ մասնակցել ցույցերին, երթերին, ինքս էլ եմ երանելի երկիր ունենալու մեծ հույսեր փայփայել, ապա խոր հիասթափություն ապրել։ Իմ սիրտն էլ ուռել է երջանկությունից, երբ տեսել եմ տասնյակ, հարյուր հազարավոր իմ հայրենակիցներին, ովքեր մտածել են իմ պես, հուսացել են իմ պես, մաքառել են իմ պես։ Անհուն բերկրանք է համակել ինձ, երբ տեսել եմ, թե ինչպես են Մոնումենտի բարձունքից ծովի պես իջնում Չարենցավանից, Հրազդանից, Գյումրիից, անգամ Ջավախքից ոտքով երկար ճանապարհ կտրած, Երևան հասած իմ հայրենակիցները։ Ամեն անգամ, երբ վաղ լուսաբացին Ազատության հրապարակի աստիճաններին տեսել եմ ծածկոցներով մի կերպ ծածկված, միմյանց գգված ու քնած ուսանող-ոււսանողուհիներին, սիրտս ուզեցել է մի հրաշքով գրկել, փարվել բոլորին։ Պատահել է, իմ հարազատ եղբայրն էլ է նրանց մեջ եղել, բայց բոլորն այնքան հարազատ են եղել ինձ այդ պահին, որ տարբերություն դնել չեմ կարողացել։
Այո, մեծ էր մեր ոգևորությունը, մեծ էին մեր երազանքները, դրախտային էր այն Հայաստանը, որը մեր պատկերացումներում էր։
Բայց հիմա ունենք այս քաոսը, որը վհատեցնում է մարդկանց, արցունք է բերում բոլոր նրանց աչքերից, ովքեր 30 տարի աառաջ խանդավառված էին երանելի Հայաստանի մտապատկերով․․․
Իսկ մարդիկ խոր վհատության մեջ են, քանի որ ամբողջ 30 տարի ջանացին իրենց երազանքները գոնե մասնակիորեն իրականացած տեսնելու համար, սակայն որևէ արդյունք չեղավ, իսկ իրականությունը էլ ավելի վատթարը դարձավ։
Ես չեմ ուզում հիմա խոր վերլուծություններին տրվել՝ բացատրելու համար, թե որտեղ վրիպեցին առաջնորդները, սակայն չեմ կարող չասել հետևյալը՝ կային մեր իրականությունը որոշող, մեզանից թաքուն մնացած պատճառներ, որոնց մեր առաջնորդները ճանաչել ու դրանք հաղթահարելու հնարը գտնել անկարող եղան։ Այնպես որ՝ մեր իրավիճակը սոսկալիորեն բարդ է, բայց անհաղթահարելի չէ ամենևին։ Կա՛ տարբերակ՝ ունենալու մեր երազած Հայաստանը։
Կա՛ տարբերակ՝ քայլ առ քայլ փոխել մեր իրականությունը, քայլ առ քայլ դուրս մղել բացասական երևույթները մեր կյանքից ու նրան հաղորդել այն գույները, որոնք 30 տարի առաջ կային մեր՝ Ազատության հրապարակում բռունցքված մարդկանց մտապատկերներում։
Այնպես որ՝ երբեմնի ուսանող, բանվոր, գյուղի աշխատավոր, ինժեներ, մտավորական, դու, որ բոցավառ հոգով կանգնած էիր Ազատությամն հրապարակում, թո՛ղ քեզ համակած վհատությունը և ե՛կ միասին վերափոխենք այս իրականությունը։
Կա՛ տարբերակ՝ ունենալու մեր երազած Հայաստանը։
Կա՛․․․
Պեպանյան Արծրուն