Նախօրեին միաժամանակ մի քանի կենտրոններից՝ Սոչիից, Բաղդադից, Թեհրանից հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ՌԴ և ՍԱՀ նախագահների, Իրանի նախագահի, Իրաքի վարչապետի կողմից հայտարարվեց «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ արձանագրված ռազմական հաղթանակի մասին: Մինչդեռ արդյո՞ք հաղթանակն ամբողջական և վերջնական է, իհարկե ո՛չ, իսկ վերոնշյալ հայտարարություններն ընդամենը քաղաքական և քարոզչական նպատակահարմարությամբ պայմանավորված քայլեր էին: Այո՛, ահաբեկչական կառույցը դադարում է գոյություն ունենալ նախկին տեսքով և կարգավիճակով, ինչպես նրա հիմնադիրներն էին ծրագրել՝ որպես պետություն (խալիֆայություն), բայց դրանից բխող սպառնալիքները բնավ էլ չեն վերանում, այլ ընդամենը տրանսֆորմացվում են հետևյալ հիմնական ուղղությունների՝
1.Ե՛վ Սիրիայում, և՛ Իրաքում դեռևս շարունակում են գոյությունն ԻՊ-ի տարաբնույթ բջիջներ, որոնք, բնականաբար, կշարունակեն ահաբեկչական գործունոությունը տարբեր եղանակներով՝ լոկալ բնույթի զինված հարձակումներից, մինչև տարաբնույթ ահաբեկչական հարձակումներ:
2. Ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում շարունակում է բավական ազդեցիկ և ակտուալ մնալ ԻՊ-ի գաղափարախոսությունը, որը, պարարտ հողի առկայության դեպքում, դարձյալ կարող է նպաստել ծայրահեղականության միտումներին և դրա առարկայացմանը տարբեր եղանակներով:
3.ԻՊ-ը, որպես կազմակերպված խմբավորում, կշարունակի գործել, անգամ ընդլայնել ազդեցության ոլորտներն այնպիսի անկայուն տարածաշրջաններում, ինչպես, օրինակ՝ Աֆղանստանը, Պակիստանը, Եմենը, Լիբիան, Եգիպտոսի Սինայի թերակղզին, որոնց առանձին շրջաններում առկա է ներքին զինված հակամարտության իրադրություն կամ փաստացի բացակայում է կենտրոնական իշխանության վերահսկողությունը:
4. Ինչպես վերջին մի քանի ամիսներին, այնպես էլ առաջիկայում տեղի կունենա զգալի թվով «ջիհադականների» արտահոսք 3-րդ կետում նշված տարածաշրջաններ: Բացի «ակտիվ ռազմական ջիհադի» ուղղությունից, օտարերկրացի հազարավոր ծայրահեղականներ կվերադառնան սեփական հայրենիքները՝ և՛ գաղափարական, և՛ ռազմական առումով հավելյալ սպառնալիք և ահաբեկչական վտանգ ստեղծելով առանձին երկրների համար:
5. ԻՊ-ի դեռևս կենսունակ ճյուղավորումները կշարունակեն կառույցի բավական հաջողված տեղեկատվաքարոզչական գործելաոճը՝ երկրագնդի տարբեր հատվածներում ընթացող «ջիհադական պայքարի» տարաբնույթ դրսևորումների մասին տեղեկատվության հետևողական շրջանառմամբ՝ շարունակելով նաև քարոզչական և հոգեբանական պայքարի բավական ազդեցիկ և արդյունավետ մարտավարությունը:
Վերոնշյալի համատեքստում, կարելի է կանխատեսել, որ ԻՊ-ի դեմ վերջնական պայքարի մասին խոսելը դեռ բավական վաղ է, քանի որ կառույցի հետագա գործունեությունից բխող վտանգները բնավ էլ չեն վերացել, այլ ընդամենը վերափոխվել են այլ, առավել լատենտային և ոչ պակաս խնդրահարույց հարթություն, որի դեմ միջազգային պայքարը պահանջում է նոր համապատասխան՝ սկզբունքային և հետևողական գլոբալ մարտավարություն:
Իսկ կորդեգրվի և կիրականացվի այդ մարտավարությունը, թե ոչ, բնականաբար պայմանավորված է համաշխարհային, հատկապես մերձավորարևելյան ռազմաքաղաքական, տնտեսական շահերով ու համապատասխան մրցակցությամբ, որոնց ներկա դրսևորումները որևէ դրական կանխատեսման հույսեր չեն ներշնչում: