Տարկետման սահմանափակման դեմ բողոքներն ու ընդվզումը, բացի ամեն ինչից, արդարության-անարդարության հարթության վրա դրսևորվող երևույթ են: Սա խորքային պատճառն է, որը, գուցե, անմիջականորեն չի երևում, բայց այն որոշիչ դեր ունի, որն ընկած է հանրային ռեակցիաների հիմքում:
Ցանկացած իշխանության որոշում պետք է ունենա համապատասխան բազա, որպեսզի ձևավորվի առավելագույն հանրային ընկալում, հետևաբար' աջակցություն: Եթե տարիներ շարունակ հարուստների ու պաշտոնյաների հովանավորյալներն օգտվել են տարկետումից, վատ կառավարման պատճառով շատերն արտագաղթել են, ապա հանրային ընկալումներում դա առաջացրել է անարդարության զգացում, ըստ այդմ էլ' նմանատիպ որոշումները, եթե, ենթադրենք, գաղափարապես լավն էլ են, օբյեկտիվորեն հակառակ ռեակցիա են առաջացնում: Մարդիկ մտածում են' ինչու պետք է իրենք "վճարեն" իշխանության սխալների համար, առավելևս, որ գրեթե միշտ անտեսված են եղել նրա կողմից: Երկար ժամանակ իշխանությունը մտածել է ինքնապահպանման մասին, ժողովրդի բարեկեցությունը չի եղել առաջնային: Հիմա, երբ անհրաժեշտ է վերջինի աջակցությունը, բնական է, որ այն չի լինելու: Ստացվում է' "մենք սխալվել ենք, դե, ոչինչ, դուք ձեր մասնակցությամբ, աջակցություններով այդ սխալի հետևանքները կրեք ու վերացրեք": Այդպես ուղղակի չի լինում:
Պետությունը հասարակության քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտն է: Այդ համակարգն աշխատում է իր հստակ կանոններով, ունի գործառույթներ' "մուտքի ու ելքի", որոնք միմյանց հետ կապված են հետադարձ կապով: Երբ քաղաքական համակարգի ելքի գործառույթը նորմալ չի աշխատում, այսինքն' պետությունը հանրության շահերից բխող որոշումներ ու գործողություններ չի իրականացնում, ապա խախտվում է մուտքի գործառույթը, այսինքն' չի լինում հանրային աջակցություն. սա ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆ է: Ավելին' այս իրավիճակում աջակցությունների փոխարեն համակարգը գրեթե միշտ ստանալու է մուտքի գործառույթի այլ ձևեր, օրինակ' հանրային շահերի ագրեգացիա և դրանց ուժգին արտահայտում, որը պետության համար միշտ էլ անցանկալի է:
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ինստիտուտները չեն գործում վակուումի մեջ, դրանք համակարգի փոքր բաղադրիչեր են: Երբ համակարգում առկա են կոռուպցիայի, մոնոպոլիայի և քրեա-օլիգարխիկ ենթահամակարգեր, ինստիտուտները, որոնք գործելու են այդ միջավայրում, չեն կարող արդյունավետ լինել: Դրանք, ժամանակի ընթացքում, կլանվում են այդ ենթահամակարգերի կողմից, նույնիսկ բացասական ներազդեցություն են ունենում, օրինակ' նպաստում են այդ ենթահամակարգերի տրանսֆորմացմանն ու զարգացմանը: Օրինակները հեռու տեղեր պետք չի փնտրել. Հայաստանում որքան ասես կան: Մարդիկ, որ մշտապես ականատես են եղել նման սցենարների, առնվազն ենթագիտակցորեն սա հասկանում են և մտավախություն ունեն, որ այդ ինստիտուտները չեն լինելու "հանրային-կողմնորոշված", որորվհետև կոռուպցիայի ենթահամակարգը շեղելու է դրանց կողմնորոշումը' հանրօգուտից դեպի իրեն:
Ուրեմն, պետք է այդ ենթահամակարգերը քանդել, որպեսզի հանրային աջակցություն լինի, իսկ ինստիտուտներն էլ էֆեկտիվ աշխատեն, այլապես միշտ կհիշենք հայտնի խոսքը. "ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ":