Քանի որ այսօր կենցաղային խոսակցության մեջ կրկին լսեցի հանրածանոթ կաղապարը, թե «ղարաբաղացիները եկել են Հայաստան» և այլն, կուզենայի նշել, որ հայաստանցի – արցախցի իբր հակադրությունը իրականում որոշ հիվանդ ուղեղների զառանցանքի արդյունք է, սակայն, քանի որ այլևայլ պատճառներով առկա է նման իբր հակադրության, իսկ որոշ դեպքերում նաև դրա արհեստական սերմանման նույնիսկ նվազագույն վտանգ, անհրաժեշտ է Հայաստանի (Արցախը ներառյալ) ներհասարակական կյանքում մեզ համար «լուծել» մի շատ պարզ՝ ես կասեի, նույնիսկ պարզունակ խնդիր։
Այո՛, արտաքին քաղաքականության ասպարեզում կամ դիվանագիտական զանազան նրբություններից ելնելով, միգուցե, երբեմն նպաստավոր է Արցախը ներկայացնել որպես ՀՀ–ից առանձին վարչական կամ քաղաքական միավոր, բայց ինքներս մեզ չպետք է ստիպենք մեր երկրի (ներառյալ նաև Արցախը) կամ մեր հասարակության ներսում հավատալ նման «խորամանկության»։
Արցախն իրականում ՀՀ սովորական մարզ է, ինչպես Սյունիքը, ինչպես Արագածոտնը կամ Գեղարքունիքը, հետևաբար որևէ «երկվության» խնդիր պարզապես գոյություն չունի՝ «արցախցի» նշանակում է Հայաստսնի մասերից մեկի բնակիչ, այսինքն՝ սովորական հայաստանցի կամ Հայաստանի բնակիչ։
Այս համատեքստում պետք է ուղղակի խանձարուրում և անողոք կերպով խեղդել թե՛ երևանյան «մեծապետականության» և թե՛ ստեփանակերտյան «անջատողականության» ցանկացած դրսևորում, որովհետև մենք միևնույն Հայրենիքի զավակներն ենք։
Վարդան Ոսկանյան