Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ին տված իր հարցազրույցում խոսել է հաղթահարած դժվարությունների մասին: Ըստ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո ամեն ինչ երազի էր նման. «Ես չէի հավատում, որ դա տեղի ունեցավ։ Իհարկե, շատ երջանիկ էի և մի քանի շաբաթվա ընթացքում չէի կարողանում ուշքի գալ։

 

Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին՝ կարծելով, որ «Յունայթեդն» ու «Դորտմունդն» ինձ համար դժվար են լինելու։ Բայց ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները, դրանք ավելի ուժեղ են դարձնում»,- նշել է Հ. Մխիթարյանը՝ անկեղծանալով, որ եղել են օրեր, երբ լացել է՝ մտածելով, որ ոչինչ չի ստացվի. «Բայց հաջորդ օրը մոռացել եմ այդ մասին և դուրս եկել խաղադաշտ' ցույց տալով 100% և նույնիսկ ավելի արդյունք»:

 

Նա նաև խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին՝ խոստովանելով, որ շատերը չեն սիրում նրան, բայց նա՝ իր առավելություններով և թերություններով, համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: