Որքան կատարելագործում ենք մեր անվտանգության համակարգը Ռուսաստանի հետ, այնքան ավելի են ինտենսիվանում սպառնալիքներն ու դրանց մասին խոսակցությունները: Որքան Մոսկվան մեզ անվտանգություն է «վաճառում», այնքան մեծանում է սպառնալիքների «արտադրանքը»: Սա Ռուսաստանի համար քաղաքական բիզնես է, այլ ոչ արժեք, իսկ բիզնեսը պետք է գործի առևտրի տրամաբանությամբ. մշտապես »սպառնալիքի առաջարկ», ինչն ավտոմատ բարձրացնելու է «անվտանգության պահանջարկը», իսկ քանի որ այդ ոլորտում Ռուսաստանն ունի մենաշնորհ, ապա այն լինելու է ռուսական ու «վաճառվելու» է իր ուզած «գներով», հետն էլ՝ վարկերով:

Այս վիճակը շարունակվելու է այնքան, քանի դեռ ինչ-որ պահի Երևանը կանգ չի առել, ու այդ պահից սկսած՝ անվտանգության սպառնալիքը կդադարի տենց պոզավոր կենդանի երևալուց, կլինեն ադեկվատ որոշումներ ու քայլեր: Այլապես նման ենք լինելու բանկից վարկ վերցրած ու կարուսելի մեջ ընկած գյուղացուն, ով ամբողջ կյանքը վարկ է փակում, բայց այդ վարկից այդպես էլ բան չի հասկացել:

Ի վերջո, եթե նույնիսկ ողջ ռուսական ԶՈւ-ն էլ գա Հայաստան, միևնույն է, դրանից մեր անվտանգության համակարգը չի դառնալու ճկուն ու անխոցելի, որովհետև այդ կոնտինգենտի գործունեությունը լինելու է ոչ թե անվտանգային, այլ՝ քաղաքական տիրույթում: Եթե հարկ լինի, այն կնահանջի, հարկ եղավ, շատ «պատահաբար» կուշանա, կհապաղի և այլն: Ինչպես Մաքիավելին էր նշում, վարձկանները երբեք պիտանի զորք չեն եղել, պատերազմի ժամանակ լավ չեն կռվում, իսկ խաղաղ ժամանակ էլ դառնում են պատուհաս: Եթե հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան որոշի մի քանի րոպե ռմբակոծել Երևանը, որևէ բազա չի կարող կանխել այն, իսկ Ռուսաստանն էլ պատերազմ չի հայտարարելու, մինչև հաթաթաներ տան, Անկարան կատարած կլինի իր խնդիրը: Դե, իսկ Ադրբեջանի ագրեսիաների վերաբերյալ կրեմլյան անուղղելի չեզոքությունն արդեն դասական օրինակ կարող է համարվել: Այնպես որ, կարիք չկա ռուսական անվտանգային գործոնը միֆոլոգիզացնելու ու դարձնելու պաշտամունքի առարկա մշտապես օրհնելով նրա աներևույթ սհաթը:

Գերմանացի տեսաբան Ռապոպորտան քաղաքական կոնֆլիկտների վերաբերյալ շատ հետաքրքիր դասակարգում է տվել՝ դրանք բաժանելով երեք տիպի՝ պատերազմ, խաղ, վեճ: Եթե արցախա-ադրբեջանական կոնֆլիկտը մեզ համար պատերազմ է, ապա ռուսների համար խաղ իր սահմանած կանոններով, որտեղ հաղթողը մշտապես Մոսկվան պետք է լինի: Լիովին սովետական մոտեցում. հաղթողը մեկն է ու ստանում է ամեն ինչ: Ինչպես ասում են, կարմիր կովը... ներողություն... կարմիր դրոշն իր գույնը չի փոխում:

Հ.Գ. ՌԴ հետ անվտանգության համակարգի այս կատարելագործումները նման են Վոլգա կամ Ժիգուլի ավտոմեքենաների կատարելագործմանը: Էս երեսուն տարուց ավել Ռուսաստանը դրանք կատարելագործում է, բայց ոչինչ չի փոխվել, ու էդ մեքենաների վրա տենց էլ անվտանգության համակարգ չեկավ:

 

Արման Սահակյան