Իսրայել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ որոշումից հետո բլոգերի հնչեցրած հայտարարությունները' բանտում իր ինքնասպանության փորձի ապատեղեկատվության, իրեն սպանելու բազում սպառնալիքների և Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի վերաբերյալ, մասամբ հանդիսանում են Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում վերջին մի քանի ամիսներին արձանագրված որոշ անհամաձայնությունների շարունակությունը։
Մասնավորաբար՝ խոսքը վերաբերում է իսրայելական տեղեկատվական դաշտում Ալիևների ընտանեկան հարցերի շուրջ լրատվության տարածմանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին Orbitier տեսակի ԱԹՍ-երի վաճառքի ժամանակավորապես դադարեցմանը և այլն։
Այս ամենի համատեքստում Լապշինի' ադրբեջանական լսարանի համար ոչ հաճելի հայտարարությունների առնչությամբ Բաքվի լռությունը, որը պայմանավորված է իսրայելական կողմի հետ գործակցությունը փչացնելու Ալիևի մտավախությամբ, ևս խոսում է Իսրայելի հարաբերություններում նկատելի անհամաձայնությունների մասին։
Այդ անհամաձայնություններն ունեն նաև տնտեսական-էներգետիկ ուղղվածություն, այն է' վերջին տարիներին Ադրբեջանը՝ որպես գազ մատակարարող երկիր, կորցնում է իր հետաքրքրությունը իսրայելական կողմի համար' Միջերկրական ծովի իսրայելական շելֆում բնական գազի խոշոր պաշարներ հայտնաբերելուց հետո,
ուստի Ադրբեջանը Թել-Ավիվին նախևառաջ հետաքրքիր է որպես սպառազինությունների մատակարարման շուկա։ Սակայն չի բացառվում, որ տարբեր հանգամանքների բերումով այս իրավիճակն էլ փոխվի։