Սենատոր Մումերկոս Էմիլիոսը ճանապարհին անվերջ մտածում էր, թե ինչը կարող էր լինել Սուլլայի շտապ հրավերի պատճառը: Առավոտյան ինքը եղել էր դիկտատորի մոտ, նախաճաշել էին միասին, և նա իրեն ոչինչ չէր ասել: Նշանակում է՝ անցած հինգ ժամում կատարվել էր չնախատեսված մի բան, արտակարգ մի դեպք, որ Սուլլան չի համբերել մինչև սենատի վաղվա նիստը և բանբեր է ուղարկել իր հետևից:
Մետաքսե փափուկ բարձերին ընկողմանած՝ նա պատգարակի կիսաբաց վարագույրի հետևից նայում էր դանդաղ ետ գնացող մարդաշատ փողոցին: Նրա դեմքն արտաքուստ խաղաղ էր, հայացքի մեջ ան հանգստության ոչ մի նշույլ չկար, այնպես որ, նայողին կթվար, թե Հռոմի քաղաքային ոստիկանապետը հրավիրված է խնջույքի կամ վերադառ նում է հասարակական բաղնիքից, ուր անուշ լոգանք է ընդունել։ Այնինչ նրա հոգին տագնապ էր ապրում. անսպասելի հրավերից սիրտը ոչ մի լավ բան չէր գուշակում։
Նա մեկ առ մեկ վերհիշեց առավոտյան տեղի ունեցած խոսակցության մանրամասները, այն ժամանակ ասված իր խոսքերը կրկնեց մի քանի անգամ և կասկած հարուցող ոչինչ չգտնելով՝մանրակրկիտորեն մտաբերեց քաղաքացիական պատերազմում կոնսուլներին հաղթելուց հետո անցած երկու ամսում ձեռնարկած իր բոլոր քայլերը, երկյուղելով, թե Սուլլային հայտնի չի՞ դարձել արդյոք իր գաղտնի գործերի մասին, իր լոյալությունը կասկած չի՞ հարուցել արդյոք։ Միակ բանը, որից սարսափելի վախենում էր, այն էր՝ չլինի՞ իր թույլտվությամբ քաղաքից ծածուկ փախած մարդիկ ընկել են պարեկների ձեռքը և մատնել իրեն։
Սուլլայի հետ պրովինցիաներից եկած լեգեոնները դեռևս ետ դառնալու հրաման չէին ստացել, և քաղաքամերձ զորանոցները լքած զինվորներն աննպատակ թափառում էին կենտրոնական փողոցներում՝ անհամբեր սպասելով Մեծ կրկեսի ներկայացումների սկսվելուն։ Պոնտոսից բերված երեսուն հազար ստրուկները դեռ վաճառքի չէին հանվել, ու սրանք, ճողոպրելով փարախներից, վխտում էին գետափնյա թաղամասերում, պլշած նայում ամեհի թատրոններին, արևի տակ փայլփլող տանիքներով տաճարներին, մեծահարուստների շքեղ, սյունազարդ առանձնատներին։ Նրանք անվերջ ընկնում էին ոտքի տակ, հրմշտվում, հալածվում կրկին դեպի փարախները քշելու փորձ անող վիգիլների մտրակներից, խճճվում սայլերի ու պատգարակների հոսքի մեջ։
Սենատորի պատգարակն ուղեկցող ստրուկն արդեն խռպոտել էր գոռալուց. նա բարկացած հայհոյում էր փողոցը հեղեղած բարբարոսներին, հրում նրանց, խփում, բայց միևնույն է պատգարակն առաջանում էր դանդաղ, հաճախակի կանգառներով։ Ուրիշ անգամ Մումերկոսը կդժգոհեր ստրուկի դանդաղկոտությունից, կկարգադրեր թեքվել սակավամարդ նրբանցքները, բայց այսօր նա չէր շտապում և նման երթը նրա սրտով էր։
Մեծ Կլոակայի վրա մարդկանց հոսքը ստվարացավ, ֆորումի մատույցներում ասեղ գցելու տեղ չկար արդեն։ Նախորդ երեք օրերը հավգուրներն անհաճո էին համարել աստվածների համար, և այսօր Կաստորի, Սատուրնի, Յունիոսի տաճարները պաշարված էին զոհ մատուցելու եկած քվիրիտների հոծ բազմությամբ։ Եռօրյա ընդմիջումից հետո Պորկիևյան բազիլիկան վերստին թաղվել էր գործարար եռուզեռի մեջ. Աֆրիկայից, Սիկիլիայից, Հունաստանից եկած առևտրականներն այստեղ պայմանագրեր էին կնքում տեղի ստրկավաճառների ու արդյունաբերողների հետ։ Բրոնզե քառաձի մարտակառքով պսակված Ֆուլվիոսի բազիլիկայում, որ հրապարակի մյուս թևում էր, երկարատև ընդմիջման ընթացքում կուտակված հարցերի քննման էր անցել կուրուալային դատարանը։
Ֆորումը երկու կողմերից եզերող տաբերնաների առջև զվարթ աղմուկով առևտուր էին անում պլեբեյներն ու մեծահարուստների ստրուկները, ռոստրաների մոտ մունետիկները կարդում էին վերջին որոշումները. թևերը փռփռացնելով ու հավաքվածներին նրբափետուրներով ցողելով՝ ցորենավաճառների կրպակների վրա անվերջ վերուվարում էր ձյունաճերմակ աղավնիների քաղցած երամը։
Առանց հրմշտելու շարժվելն անհնարին էր, և բազմերանգ ամբոխի գլխավերևում օրորվող պերճաշուք պատգարակները նմանվում էին անհողմ օվկիանոսի վրա տարուբերվող առագաստանավերի։ Տաբերնաների մոտ մուրացկան մի ծերունի բռնվել էր գողության մեջ, և երկու վիգիլ նրան քարշ էին տալիս մոտակա էրգաստուլ. խառնամբոխի մեջ երեխային կորցրած սիրունատես մի կին, անձայն արտասվելով, խելագարի պես դեսուդեն էր նետվում. սյունաշարի մոտ կոտրատվելով, թռվռում էին արձակ մազերով հետերաները՝ առատաձեռն զուգընկեր ճարելու հույսով. ոսկեփայլ տաճարների տանիքներից սառն ու անտարբեր հայացքով այս ամենին հետևում էին քրոնոսածին և անմահ աստվածների մարմարակերտ արձանները։
Դժվարությամբ ճեղքելով հրապարակի վրա ալիքվող մարդկային խլրտուն ծովը՝սենատորի պատգարակն Արգիլետով թեքվեց դեպի Պալատինիում։ Ճանապարհն անցնում էր Հին քաղաքի տարածքով, և փողոցներն այստեղ խիստ նեղ էին՝ սալահատակված գրկաչափ քարերով։ Երկու կողմից եզերված լինելով տների բարձր ետնապատերով՝ դրանք արևի երես չէին տեսնում և իրենց մեջ զովություն էին պահում ամռան ամենատապ օրերին անգամ։ Ի հակադրություն կենտրոնական փողոցների՝ այստեղ լիակատար լռություն էր տիրում։
Պալատինիումում մուտքը հսկող տապարակիր վիգիլներից զատ ուրիշ ոչ ոք չկար։ Ներս անցնելով դարպասից՝ սենատորի պատգարակը խորացավ նոճիների ու արմավենիների կանոնավոր շարքերով զարդարված ընդարձակ պարտեզի մեջ և կանգ առավ ալեբաստրե սյուներով երկհարկանի, կամազարդ շենքի մոտ։ Ընդառաջ եկած դռնապահ ստրուկը խոր գլուխ տվեց սենատորին ու, փայտյա սանդալներով մարմարածածկ հատակին չքչքացնելով, ուղեկցեց դիկտատորի մոտ։
Ա․ Պեպանյան, «Հուլիոս Կեսար», պատմավեպ։