Օգոստոսի 15-ին «Աբովյան» ՔԿՀ-ում այցելեցի Անալիտիկ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին, ով հայտնի է ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ հրապարակումներով։ Ինձ մոտ բավականին հարցեր էին կուտակվել նախաքննության ընթացքի, այս գործում ՎՏԲ բանկի ներգրավվածության, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի դերակատարման, 15 ամիս տևած կալանքի, հարուցված 4 քրեական գործերի, որոնցից երեքով ի վերջո Անին անմեղ ճանաչվեց, դատավճռի հիմքում դրված, բայց դատարանում չհետազոտված ապացույցի և այլ ոչ օրինաչափ ու կասկածելի երևույթների մասին։ Հարցերի պատասխանները ստացա անձամբ Անի Հովհաննիսյանից և դրանց հետագայում հետևողական անդրադարձեր կլինեն: Փաստեմ, որ Անի Հովհաննիսյանը սկզբունքային է իր դիրքորոշման մեջ և լի սեփական անմեղությունը ապացուցելու վճռականությամբ։ Եվրոպական դատարանի վարույթում այս գործի վերաբերյալ արդեն կա 2 դիմում՝ առայժմ կալանքի անօրինականության վերաբերյալ: Ներպետական ատյանները սպառելուց հետո դատավճռի մասով ևս հանգուցալուծումը կլինի Եվրոպական դատարանում' ակնհայտորեն Հայաստանին տանելով ևս մեկ պարտության ՄՒԵԴում:
Ինչևէ, սկզբունքներին անդավաճան մնալու և սեփական անմեղությունը ապացուցելու ճանապարհը Հայաստանում շարունակում է մնալ չափազանց փշոտ:
Շարունակելու եմ այցելել Անիին և տեղյակ պահել գործի ընթացքից։

 

Մանե Թանդիլյան