Առաջիկա օրերին Իրանի խորհրդարանը կսկսի նախագահ Հ. Ռուհանիի կառավարության նոր կազմի թեկնածությունների շուրջ քննարկումները:
Գործընթացն անմիջականորեն առնչվում է նաև Հայաստանի շահերին, քանի որ Իրանի նոր կառավարության մի քանի կարևոր նախարարությունների գործունեությունն ուղղակիորեն կապված է հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքի հետ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարությանը, որի ղեկավարումը ևս չորս տարի շարունակելու համար երկրի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Աբբաս Ախունդիի թեկնածությունը, որը, չնայած մասնագիտական որակներին և ոլորտում գրանցած լուրջ արդյունքերին, նախորդ պաշտոնավարման ընթացքում քանիցս քննադատության թիրախ է դարձել հատկապես իրանցի պահպանողականնների կողմից:
Ա. Ախունդին արդի Իրանի այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որը իրանական քաղաքական բառապաշարում փաստացիորեն վերակենդանացրել է արմատներով Սասանյանների դարաշրջան հասնող և նոր ժամանակներում իրանական հասարական-քաղաքական խոսույթում կարևոր դերակատարություն ունեցած «Իրանշահրի» (պարսկերենից բառացի թարգմանությամբ՝ «Իրանաշխարհ») գաղափարը, համաձայն որի՝ իրանական քաղաքակրթական սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան Իրանի քաղաքական սահմանները:
Ըստ այդմ՝ գաղափարը ենթադրում է, որ նաև միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների իրանական տեսլականում Հայաստանը, որը նախագահ Հ. Ռուհանիի խոսքերով՝ Իրանի հետ կիսում է ընդհանուր քաղաքակրթական դաշտ, կարող է և պետք է հավակնի առանձնահատուկ կարգավիճակի: