Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Քասեմին օրերս հանդես եկավ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որն, ըստ էության, չէր տարբերվում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրանյան ԱԳՆ նախորդ հայտարարություններից։ Հայտարարությունում մասնավորապես ասվում էր, որ իրանական կողմը լավ հարաբերություններ է պահպանում հակամարտության երկու կողմերի հետ էլ և շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Իրանական հայտարարությունում խոսվում էր նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հակամարտության սրացման անթույլատրելիության հարցերի և Իրանի պետական սահմանների խախտման հնարավորության բացառման մասին։ 


Պետք է նկատել, որ հայտարարությունն իր բնույթով ընդհանուր առմամբ պահպանում էր չեզոքություն` հատկապես ապրիլյան ռազմական գործողությունների համատեքստում։ Այս առումով հայտարարությունն իսկապես անհասցե էր, ինչպես և նախկինում։


Հնչեցված հայտարարությունում, այսուհանդերձ, առկա է կարևոր ուղերձ` պայմանավորված Իրանի սահմանների անձեռնմխելիության հետ, որը թերևս կարող ենք դիտարկել, այդ թվում և, Իրանի խորհրդարանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի տեսանկյունից։ Ակնարկը կամ ուղերձը թերևս հասցեագրված էր Թուրքիային և Ադրբեջանին, որոնց տարածքով իրականացվում են ահաբեկչական խմբերի տեղափոխումը Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ` դեպի հարավկովկասյան տարածաշրջան և Միջին Ասիա։ 


Հաշվի առնելով արցախյան ուղղությամբ լարվածության սրացման միտումները, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով ահաբեկիչների տարանցման հնարավորությունները` իրանական կողմը թերևս պետք է առավել ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանման գործում` դրսևորելով առավել հասցեագրված մոտեցումներ և դիրքորոշում տարածաշրջանային կայունությանը սպառնացող գործոնների կամ շահագրգիռ կողմերի ուղղությամբ։