Հուլիսի 4-ի միջադեպից հետո Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց՝ պահանջելով պատժել Հայաստանին: Այդ իրադարձությունները շատ հետևողականորեն բոլոր հարթակներում շահարկելով՝ Ադբեջանը այն օգտագործեց որպես իր հակահայ քարոզչության գործիք: Այդպիսով փորձելով Հայաստանը վանդալ և ագրեսոր երկիր ներկայացնել: Ադրբեջանը Հայաստանի դեմ հիստերիա բարձրացնելու համար նույնիսկ խախտում էր լրագրողական էթիկայի միջազգային նորմերը՝ իրավիճակին մեծ հնչեղություն տալու նպատակով: Սակայն միջազգային հանրությանը քաջ հայտնի է՝ թե այսքան տարի ով է միշտ եղել նախահարձակ կողմը և ով է միշտ տապալել բանակցային գործընթացը՝ ապակայունացնելով հակամարտության խաղաղ հանգուցալուծումը:


Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Ադրբեջանին ի վերջո չհաջողվեց ստեղծված իրավիճակը ի օգուտ իրեն շրջել և ինչ-որ շահավետ դիրք ձեռք բերել: Սեփական քարոզչական մեքենան աշխատացնողների սցենարը տապալվեց և նրանց չհաջողվեց միջազգային կառույցների միջոցով ճնշումներ կիրառել Հայաստանի նկատմամբ: Հենվելով միջազգային հանրության գնահատականների վրա՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի պլավորած այս քարոզչական քաղաքականությունը ամբողջությամբ ձախողվեց: Այն նույնիսկ հակառակ էֆեկտը ունեցավ և բացասական գնահատականներ առաջ քաշեց Ադրբեջանի դեմ: Այդ քարոզչական մեթոդը միջազգային հանրության կողմից արձանագրվեց որպես՝ Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումներից մեկը: Այն նույնիսկ ձախողված սցենար դարձավ սեփական հանրության համար, քանի որ բուռն բացասական արձագանքներ եղան այդ դեպքի առթիվ:


Անդրադառնալով այսօսվա տիրող իրավիճակին պետք է նշել, որ բանակցային առումով երկու կողմերն էլ կանգնած են զրոյական կետի վրա: Ադրբեջանը հիմա բացահայտորեն մեր ռեսուրսները հնարավորինս սպառելու կոշտ քաղաքականություն է վարում, միևնույն ժամանակ հարստացնելով իր զինանոցը ժամանակակից սպառազինությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ թե Ադրբեջանը բոլորի հետ «պահմտոցի» է խաղում՝ ամեն կերպ թաքնվելով խաղաղ բանակցային գործընթացների հետին ֆոնին: