Արևմտյան աշխարհի «ուղեղային կենտրոններում» ծնված և եվրոպական մայրաքաղաքներում ամերիկացիների կողմից իշխանության բերված քաղաքական գործիչների որդեգրած «մուլտիկուլտուրալիզմը» վերջնականապես պայթեց: Պայթեց Փարիզում...
Անհնար է տարբեր աշխարհայացքներ ունեցող, քաղաքակրթական տարբեր ճանապարհներ անցած մարդկանց ներառել մի հասարակության մեջ ու ստիպել ապրել նույնանման խաղի կանոններով, նույնանման սոցիալ-մշակութային մոդելով...

 


Մենք տեսել ենք «սովետական ուռավնիլովկայի» պայթյունը, մեր մաշկի վրա ենք զգացել ու շարունակում ենք զգալ «ինտերնացիոնալի» հետևանքները: Հնարավոր չէ նստակյաց հային ու քոչվոր թուրքին ստիպել ապրել նույն հասարակության մեջ, հնարավոր չէ բանդերականին ու մայիս 9 տոնողին ստիպել հաշտ ու խաղաղ ապրել նույն հասարակության մեջ: Նոյեմբեր 13-ը հերթական անգամ ապացուցում է. մուլտիկուլտուրալիզմը պայթեց...

 


Հետադարձ հայացք նետելով ոչ վաղ անցյալի պատմությանը' կարելի է փաստել, որ արևմտյան աշխարհն այսօր իր տանը ճաշակում է այն, ինչ տարիներ շարունակ ցանեց հարևանի տանը:
Կառավարելի քաոսը բումերանգի էֆեկտով վերադառնում է Արևմուտք: Ուշագրավ է, երբ Ս. Հանտինգտոնն առաջ էր քաշում «քաղաքակրթությունների բախման» տեսությունը, Իրանի Նախագահ Մ. Խաթամին առաջարկեց «քաղաքակրթությունների երկխոսություն», ինչը գոռոզաբար մերժվեց անգլոսաքսոնական աշխարհի կողմից: Արդյունքում, իսլամը ձևակերպվեց որպես առանձին քաղաքակրթություն, և ինչպես պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն է նշում. «իսլամը, սունի իսլամը ոչ քաղաքական չի լինում», ուստի և քաղաքակրթություն որակված իսլամի հետ բախումը Եվրոպայի սրտում անխուսափելի է...

 

 

Միհրան Հակոբյան