«Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ազատականացնել Նախիջևանի հետ առևտուրը», որն, իմիջիայլոց, կատարվելու է թուրքական լիրայով:
Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Թուրքիան սկսել է ինտեգրել Նախիջևանը:
Դեռևս անցած դարի 20-ական թվականներին Թուրքիայի պահանջով էր Նախիջևանը և Արցախը անցել Ադրբեջանին և շատ համառ պայքարից հետո Սյունիքը մնաց Հայաստանին(Նժդեհի շնորհիվ և ըստ երևույթին Մոսկվայի բոլշևիկների գաղտնի աջակցությամբ):
Դրա դիմաց Քեմալը օգնեց բոլշևիկներին սովետականացնել Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը: Սակայն մինչև 2-րդ համաշխարհայինը Թուրքիան Պարսկաստանի հետ տարածքների փոխանակում կատարեց Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունենալու համար:
Դա պարզորոշ կերպով նշանակում էր, որ Թուրքիան պատրաստվում էր ապագայում, իրավիճակը փոխվելուց հետո, իր տիրապետությունը տարածել Հարավային Կովկասի վրա: Հետագայում, բնականաբար, կպայքարի նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի համար: Սակայն այս փուլում դեռևս զբաղված է Նախիջևանով և Աջարիայով:
Կարելի է ասել, որ Կարսի պայմանագիրը կամաց-կամաց գնում է պատմության գիրկը:
Ինչ հետևություն ենք կարող անել:
Հետևությունը պարզ է, Արցախի խնդիրը պարտադրված էր մեզ: Արցախի շնորհիվ մենք փաստորեն կարողացանք Թուրքիայի ախորժակը զսպել և ժամանակավորապես սառեցնել նրա առաջխաղացումը դեպի Հարավային Կովկաս: Խնդիրը Արցախը չէ: Ճիշտ հակառակը, Արցախը Հայաստանին գոյատևման շանս է: Դեռևս:
Հիմնական իրադարձությունները դեռևս առջևում են: Այս պահին մեր հիմնական հարցադրումը այլ տեղ է գտնվում. արդյոք այս իշխանությունը կարող է համախմբել հանրությանը ծանր փորձությունների ժամանակ և արդյոք կարող է զարգացման հնարավորություններ տալ մեզ: Պատասխանը կարծես թե բացասական է:
Ստեփան Դանիելյան