Բանն այն է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը տեղեկատվական, հոգեբանական և դիվանագիտական առումներով բավականին լուրջ մարտահրավել է լինելու Թուրքիայի իշխանությունների համար, որոնք, ըստ էության, այս պահին պատրաստ չեն դիմակայելու համաշխարհային մամուլում և այլ լրատվամիջոցներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, հայտարարությունների և կոչերի տարափին: Դեռ 2014 թ-ին Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահին հրավիրեց մասնակցելու Մեծ Եղեռնի 100ամյակին նվիրված միջոցառումներին, ինչին վերջինս երկար ժամանակ չէր արձագանքում, ըստ էության, չիմանալով, թե ինչն է ճիշտ՝ ընդունե՞լ հրավերը, թե՞մերժել: Ընդունելու դեպքում նա դիվանագիտական որոշակի հաղթանակ կտաներ՝ միջազգային մակարդակում ցույց տալով, որ Թուրքիան այսօր կիսում է հայերի ցավը և պատրաստ է ամենաբարձր մակարդակում երկխոսություն ծավալել խնդրո առարկայի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ նաև պարտություն կկրեր առաջին հերթին հայ և թուրք հասարակությունների աչքերում:


Այդ նույն հասարակությունների աչքերում բարոյական ռեաբիլիտացիա ապրելու նպատակ է հետապնդում Թուրքիայի նախագահի կողմից Հայաստանի նախագահին ուղղված հրավերը՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100ամյակի միջոցառումներին: Միևնույն ժամանակ կա տեղեկություն, որ մինչ այս այդ օրը ապրիլ ամսին Թուրքիայում միշտ չէ, որ նշվել է: Սա կնշանակի, որ այս տարի ապրիլի 24-ին այդ միջոցառումները կազմակերպելը նպատակ ունի շեղել թուրք հասարակության ուշադրությունը Ցեղասպանության 100ամյակից:


Մի հանգամանք ևս. Թուրքիայի նախագահը հրավեր է ուղարկել 102 երկրի ղեկավարներին, դրանով իսկ նպատակ դնելով ցույց տալու, որ Թուրքիա ավելի շատ նախագահներ և վարչապետեր կգնան, քան՝ Հայաստան: Սակայն պաշտոնական Անկարայի այս մտադրությունը անիմաստ և անտեղի է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ խնդիրն այն չէ, թե քանի նախագահ կգա, այլ այն, թե որ երկրների նախագահները նպատակահարմար կհամարեն գտնվել մեր կամ հարևան երկրում:


Եվ վերջապես, Թուրքիայի նախագահին կրկին մտածելու առիթ տվեց Հայաստանի նախագահի պատասխանը, որում հրավիրող կողմը, մասնավորապես, հիշեցնում է այն մասին, որ "…մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ" այն է՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Թուրքիայի նախագահն այդ պահից սկսած ստիպված է հրապարակայնորեն արձանգանքել այս պատասխանին և, բնականաբար, մինչև ապրիլի 24-ը:

 

 

Մովսես Դեմիրճյան