«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը Facebook -ի իր էջում գրում է.
ՍԵՆՑ ԲԱՆԵՐ
Այլեւս փաստ է, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններում գրանցված «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել: Այս փաստն ապացուցվեց նույն այդ քաղաքական ուժի կողմից ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված փաստաթղթերով, որոնք փաստում են, որ ընտրություններին մասնակցել են արդեն իսկ ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուներ, որոնց ինքնաբացարկների դիմումները անհայտ պատճառներով, ՀՀ ԸՕ-ով սահմանված ժամկետներում ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված չեն եղել:
Ինչը ենթադրում է, որ ԿԸՀ-ն ՀՀ ԸՕ 87-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարող է անվավեր ճանաչել նշված քաղաքական ուժի գրանցումը: Հիշեցնեմ, որ ԸՕ 87-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են»: