Հետազոտության առաջատար հեղինակ, Սինգապուրի ազգային համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակից Ֆեն Լեյը պարզաբանել է, որ թեյի տերեւներում պարունակվող բիոակտիվ նյութերը՝ կատեխինները, տեաֆլավինները, տեառուբիգենները եւ L-տեանինը հակաբորբոքային, հակաօքսիդանտային եւ այլ հատկություններ ունեն, որոնք ուղեղը պաշտպանում են անոթների վնասվածքներից եւ նեյրոնների քայքայումից:
Կանանց համար առանձնապես օգտակար է օրական գոնե մեկ գավաթ սեւ կամ կանաչ թեյ ըմպելը, նաեւ նրանց համար, որոնց շրջանում մեծ է Ալցհեյմերի հիվանդության գենետիկ հավանականությունը: Նման եզրակացության են եկել Սինգապուրից հետազոտողները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition, Health & Aging ամսագրում: Պարզվել է, որ թեյի երկրպագուների շրջանում ծերության տարիներին մտավոր ընդունակությունների անկման հավանականությունը 50 տոկոսով նվազել է՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք ընդհանրապես թեյ չեն խմել:
Ըստ որում՝ այս էֆեկտն ավելի ընդգծված է կանանց շրջանում: Իսկ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ հակվածությունը որոշող APOE e4 գենը կրողների շրջանում ծերության տարիներին թեյը մտավոր խանգարումների հավանականությունը նվազեցնում է 86 տոկոսով: Հեղինակները վերլուծել են Չինաստանի 55 տարեկանից մեծ գրեթե հազար բնակիչների տվյալները: Այս մարդկանց կենսակերպի, սնվելու, մասնավորապես՝ թեյի օգտագործման, առողջական վիճակի մասին տվյալները հավաքվել են 7 տարի շարունակ: Դրանից բացի, յուրաքանչյուր 2 տարին մեկ նրանք մտավոր (ճանաչողական) ունակությունների ստանդարտ թեստեր են անցել: Գիտնականները նաեւ պարզել են, որ գլխուղեղի համար օգտակար են թեյի գոյություն ունեցող բոլոր տեսակները՝ սեւ, կանաչ, ուլուն եւ այլն: Լեյը, սակայն, նշել է, որ մինչեւ վերջ պարզված չէ ուղեղի վրա թեյի բարերար ազդեցության հիմքում ընկած կենսաբանական մեխանիզմը, որը պարզելու համար հետագա հետազոտություններ են պահանջվում: