Ադրբեջանի նախագահի մարտի 16-ին ստորագրած համաներման հրամանագրի համաձայն, 412 բանտարկյալներ ազատ են արձակվել, երկու հոգու ցմահ ազատազրկման դատավճիռը փոխվել է 15 և 25 տարվա ազատազրկման: Համաներման այլ մանր դրսևորումների մասին էլ է տեղեկություններ շրջանառվում, սակայն այստեղ գլխավոր փաստը 412 հոգու ազատ արձակումն է:
Համաներման այս փաստն, ինքնին, մի քանի խնդրի շուրջ մտորելու տեղիք է տալիս:
Բավականին պատահական կամ էլ շատ լավ մտածված զուգադիպությամբ նախորդ տարի՝ 2016թ.-ի մարտի 17-ին (ապրիլայն քառօրյա պատերազմից 15 օր առաջ) Ադրբեջանի նախագահի հրամանագրի համաձայն ազատություն է շնորհվում 137 հանցագործների, որոնցից 82-ը դատապարտված են եղել ազատազրկման ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար:
Այսինքն ստացվում է, որ Ալիևը մեկ տարվա ընթացքում ավելի քան կրկնակի անգամ ավելացնում է ազատ արձակվող հանցագործների քանակը:
Թերևս չցանկանալով զուգահեռներ անցկացնել այս և նախորդ տարիների իրադարձությունների միջև, սակայն հարցն ինքնին մտածելու տեղիք, այնուամենայնիվ, տալիս է:
Տեսակետներ են շրջանառվում, որ Ադրբեջանի նախագահը համաներում է իրականացնում քանի որ բանտերում «անշլագ» է, «ռեստարտ» է արվում «հյուրընկալության նոր սեզոնի» համար: Ինչպես նաև կարծիքներ կան, թե իբր նախորդ տարվա համեմատ այս տարվա համաներման ճոխությունը պայմանավորված է Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ հանրության շրջանում զարգացող լուռ դժգոհությունը թուլացնելու համար:
Կարող ենք նաև ենթադրել, որ համաներման այս քայլը, ինչ-որ տեղ, նաև խոսքի ազատության շարունակ ոտնահարման, լրագրողների, բլոգերների, քննադատների նկատմամբ դրսևորած բռնարարքների, հետապնդումների ու ձերբակալությունների համար միջազգային հանրության կողմից կոշտ քննադատությունները հնարավորինս մեղմելուն միտված քայլ է:
Մյուս կողմից եթե դիտարկենք, ապա համաներման այս փաստը բովանդակությամբ դժվար թե համարվի հումանիզմի դրսևորում, այն ավելի շուտ նման է հերթափոխի:
Ձերբակալությունների ու հանցագործությունների կտրուկ աճի տեմպերը հաշվի առնելով՝ հաջորդ տարի Ալիևը ստիպված է համաներվողների քանակն ավելացնել:
Վահագն Սարոյան