1993թ.-ի նոյեմբերն էր, մութ ու խավար, ցուրտ մի օր Երևանում: Մոնումենտ "կոչված" թաղամասի իմ կացարանում Արցախից նոր վերադարձած ջոկատի տղաներով մոմի լույսի ներքո նստած էինք: Այդ օրերի, այսպես կոչված, ճոխ սեղանի շուրջ՝ մի քիչ պանիր, պետական երշիկ, խուժան արաղ, ոջլոտ հաց նստած լիցքաթափվում էինք խավարի մեջ...Հանկարծ դուռը թակեցին: Լռություն տիրեց: Չեմ հիշում ով դուռը բացեց, և ներս մտան բարի աչքերով մի խորհրդավոր հայ մարդ և 17-18 տարեկան մի երիտասարդ՝ հայր և որդի...Ծանոթություն և այլն...մի պատառ հաց և անցանք բուն թեմային. "Այսպես տղերք ջան...Ձեր մասին շատ եմ լսել որպես "Խաչակիրներ" ջոկատ: Ես եկել եմ ձեզ մի խնդրանքով դիմելու: Ուզում եմ, որ իմ որդին վերցնեք, ընդունեք ձեր ջոկատ: Ես վստահում և հավատում եմ ձեզ, տարեք որդուս ձեզ հետ միասին": Շվարած մնացի մի պահ, պապանձվեցի, ապա աղոտ լույսի տակ մի հայացք նետեցի երիտասարդի վրա: Նա կյանքում հազիվ երկու անգամ սափրված լիներ: Մանուկի դեմքով մի պատանի էր: Կարկամեցի."Բայց շատ փոքր է, երիտասարդ է և անփորձ: Բա որ մի բան պատահի՞ Ձեր երեխային: Դուք պատկերացնու՞մ եք թե ուր եք ուղարկում և ինչի": Պատասխան ստացա հետևյալ բառերով."Այո՛: Եվ ամեն ինչ իմանալով հանդերձ, հաշտված լինելով վատագույնի հետ, հանձնում եմ որդուս ձեզ և վստահում": Մի պահ լռության և լրջության մթնոլորտ տիրեց: Մի սպիտակ թուղթ ու գրիչ վերցրեցի ու խնդրեցի, որ իր խնդրանքը թղթին հանձնի ու ավելացնի, որ, եթե իր զավակը հանուն Հայաստանի զոհվի, մեր ջոկատի անդամներին մեղավոր չի ճանաչի: Նա վարվրեց իմ առաջարկին համեմատ և վստահ հայացքով նայեց ինձ: Խնդրեցի, որ ստորագրի իր գրության տակ, որ կամավոր կերպով հանձնում է մահվան իր երեխային ի սեր Հայաստանի: Առանց տատանվելու արագ ստորագրեց և շնորհակալություն հայտնեց: Ես մի բան ավելացրեցի միայն. "Գագիկ ջան, պատերազմ է, ոչ մեկս երաշխիք չունենք, բայց խոստանում եմ մինչ վերջ, մինչև մեր հաղթանակ մեր ախպերիկին՝քո երեխային տիրություն անել: Իսկ ես համբուրում եմ քո իսկական հայ մարդու ճակատը, ով գիտի իր զավակին մատաղացու անել Հայրենիքի համար"...Փառք Աստծուն, բարով-խերով այսօր այդ երիտասարդը ողջ է, ապրում և գործում է Հայաստանում, ընտանիք է կազմել: ՓԱ՛ՌՔ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԲՈԼՈՐ ԳԱԳԻԿՆԵՐԻՆ, ԱԶՆԻՎ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅԵՐԻՆ:
Շահե Աճեմյան, "Խաչակիրներ" ջոկատի փոխհրամանատար