Հակասական տեղեկություններ են ստացվում Սիրիայի հյուսիսից: Նախապես շրջանառված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ՝ «Մանբիջի ռազմական խորհուրդը» համաձայնել էր քաղաքին արևմուտքից հարակից որոշ բնակավայրեր տրամադրել սիրիական կառավարական ուժերին՝ ապահովագրելու համար Ալ-Բաբը «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատած Թուրքիայի հովանավորյալ որոշ սիրիական հակակառավարական խմբավորումների հարձակումից. Ալ Բաբից հետո դեպի Մանբիջ՝ «Սիրիական դեմոկրատական ուժերի»(SDF) և նրանց կորիզը կազմող «Քրդական ինքնապաշտպանական ուժերի»(YPG) դեմ շարժվելու մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ավելին, մի շարք աղբյուրների համաձայն՝ քրդական ուժերն արդեն իսկ սկսել են սիրիական բանակային ստորաբաժանումներին հանձնել Մանբիջին հարակից շուրջ 2 տասնյակ բնակավայրեր. այդ շրջաններում շարունակելու են տեղակայված լինել YPG-ի սահմանափակ թվով ուղեկալներ՝ կառավարական ուժերին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցույց տալու նպատակով:


Մինչդեռ արդեն նախօրեին ստացված տեղեկատվության համաձայն՝ քրդական կողմը կտրուկ հրաժարվել է կանխավ ձեռք բերված համաձայնությունից՝ հայտարարելով որ սիրիական կառավարական ուժերին հանձնվելիք շրջանները և առհասարակ SDF-ի վերահսկողության գոտի հանդիսացող տարածքները գտնվելու են ԱՄՆ-ի և նրա գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի հովանավորության ներքո. ավելին արդեն մի քանի օր է ԱՄՆ-ն Իրաքից զինտեխնիկա և հատուկջոկատայիններ է տեղափոխում նշված շրջաններ:
Ինչևէ, նման իրարամերժ տեղեկատվության շրջանառումը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով: Նախևառաջ, չի բացառվում որոշակի տարաձայնությունների առաջացումը հենց քրդերի շրջանում՝ կապված թուրքամետ ուժերին դիմակայելու մարտավարության ընտրության հետ: Մինչդեռ շատ ավելի հավանական տարբերակ է քրդերի առանցքային հովանավոր ԱՄՆ-ի ճնշումը՝SDF-ի նկատմամբ՝ պայմանավորված Սիրիայում Վաշինգտոնի հովանավորյալների և հակառակորդների միջև համաձայնությունների ու համագործակցության առումով անընդունելի պարադոքսալ իրավիճակով. պարզ է, որ ԱՄՆ-ը որևէ կերպ չի ցանականում զիջել սիրիական ցամաքում իր կարևորագույն դաշնակցին՝ փորձելով դեռևս քաղաքական տիրույթում համաձայնության գալ արդեն տարածաշրջանում իր առանցքային դաշնակիցներից՝ Թուրքիայի հետ:


Այսուհանդերձ, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում զարգացումների հետագա ընթացքը շատ շուտով թույլ կտա որոշակի պատկերացում կազմել ինչպես իրական գործընթացների, այնպես էլ սիրիական հակամարտության ներկա փուլում ակտիվորեն ընթացող կուլիսային սակարկությունների արդյունքների մասին:

 

Արմեն Պետրոսյան