Բաքվի բռնապետի վարչակարգը 10-ից 20 տարվա ազատազրկման է դատապարտել Նարդարան ավանում մոտ մեկ ու կես տարի առաջ պատժիչ գործողությունների արդյունքում ձերբակալված մի շարք շիա հավատացյալների՝ նման խիստ պատիժներով անուղղակիորեն ցույց տալով, թե հենց շիայական ընդդիմությունն է այդ վարչակարգի հիմնական հակառակորդը, և որ Բաքուն ուղղակիորեն շարունակելու է ոտնահարել իրանական շահերն ընդհանրապես:
Այս առումով ժամանակն է, որպեսզի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի հետ միասին Ադրբեջանը ևս սկսի դիտարկվել որպես հակաշիայական երկիր, աակայն մի պարադոքսալ տարբերությամբ՝ Բաքվի վարչակարգի ներկայացուցիչներն ի տարբերություն վերոնշյալ մյուս երկու երկրների իշխող վերնախավերի, անվանապես շիաներ են:


Մյուս կողմից՝ նման խիստ քայլերով փորձելով պահպանել սեփական իշխանությունը, Բաքվի բռնապետն ակնհայտորեն նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի հայկական կողմը հնարավորություն ստանա դաշնակիցներ ձեռք բերելու նաև ազդեցիկ իրանական շիա հոգևորականության շրջանում, քանի որ ավանդաբար քրիստոնյա Հայաստանում հենց անցյալ տարի շիաներն ազատորեն և հանրայնորեն անցկացրել են, դիցուք, այնպիսի կարևոր մի արարողություն, ինչպիսին Աշուրայի սգո ծեսն է, մինչդեռ Բաքվի բռնապետական վարչակարգը դրա զանգվածային կազմակերպումը փաստացիորեն արգելելով, այժմ էլ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքները, բանտերն է նետում շիա հավատացյալներին:

 

Վարդան Ոսկանյան